211652_close_icon

Վահագն Խաչատուրյանն այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան

views-count361 դիտում article-date 12:45 19-02-2026
Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը իր պաշտոնակցի՝ նախագահ Կոստանտինոս Տասուլասի հետ այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան։

Նախագահները մասնակցել են թանգարանում բացված հայ լուսանկարիչ, դիզայներ Տաթև Մնացականյանի «Աղոթք խաղաղության» խորագրով ցուցահանդեսին։

Ցուցահանդեսը նվիրված է խաղաղության մշակույթի հանրահռչակմանն ու տարածմանը նշանավոր գործիչների լուսանկարների և Գրիգոր Նարեկացու աղոթքների միաձուլման միջոցով։

Ցուցահանդեսի բացման արարողության մեկնարկին նախագահ Խաչատուրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Աթենքում՝ համաշխարհային քաղաքակրթության այս բացառիկ կենտրոնում, և մասնակցել Գրիգոր Նարեկացիին նվիրված «Աղոթք խաղաղության» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը՝ Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում։ Այս իրադարձությունը ոչ միայն մշակութային կարևոր նախաձեռնություն է, այլև խորապես խորհրդանշական հանդիպում՝ հոգևոր ժառանգության և խաղաղության ձգտման շուրջ։ 

Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա։ Մեր ժողովուրդներին միավորում է ոչ միայն պատմական ճակատագրի ընդհանրությունը, այլև քրիստոնեական հավատքի, մարդասիրության և մշակույթի այն հարուստ շերտը, որն այսօր էլ շարունակում է ձևավորել մեր ինքնությունը։ Աթենքում Գրիգոր Նարեկացիի ժառանգության ներկայացումն այս բարեկամության հերթական վկայությունն է՝ կամուրջ անցյալի և ներկայի, Հայաստանի և Հունաստանի միջև։

Աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին հայ հոգևոր մտքի ամենախոր և համամարդկային դեմքերից է։ Նրա ստեղծագործությունները վաղուց դուրս են եկել ազգային սահմաններից և դարձել են համաշխարհային մշակույթի անքակտելի մասը։ Նարեկացիի գլուխգործոցը՝ «Մատյան ողբերգությունը», ոչ միայն աղոթք է, այլև մարդկային հոգու խորքերից ծնված խոստովանություն, որտեղ ցավը, մեղքը, հույսը և սերը միաձուլվում են մեկ ընդհանրական ձգտման մեջ՝ խաղաղության և ներքին հաշտության որոնում։ Ուստի պատահական չէ, որ Նարեկացին սրբադասվել է՝ հռչակվելով տիեզերական եկեղեցու վարդապետ:

«Աղոթք խաղաղության» խորագիրը համահունչ է մեր ժամանակների մարտահրավերներին։ Այսօր, երբ աշխարհը կանգնած է անորոշությունների, հակամարտությունների և արժեքային ճգնաժամերի առաջ, Նարեկացիի խոսքը հնչում է առավել արդիական, քան երբևէ։ Նա մեզ հիշեցնում է, որ խաղաղությունը միայն քաղաքական համաձայնություն չէ. այն նախ և առաջ հոգևոր վիճակ է, մարդկանց և ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման արդյունք։

Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը՝ հավատալով, որ կայուն ու հարատև խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի։ Այս ճանապարհը հեշտ չէ, բայց այն միակն է, որը կարող է ապահովել անվտանգ ապագա մեր քաղաքացիների և ողջ տարածաշրջանի համար։ Խաղաղության օրակարգի հիմքում նույն արժեքներն են, որոնց մասին խոսում էր Նարեկացին՝ մարդկային արժանապատվություն, ներողամտություն, պատասխանատվություն և հավատ ապագայի հանդեպ։

Մշակույթը և արվեստն այս գործընթացում ունեն առանձնահատուկ դեր։ Դրանք կարող են անել այն, ինչ երբեմն չի հաջողվում քաղաքականությանը՝ ստեղծել երկխոսություն և վերականգնել վստահությունը։ Այս ցուցահանդեսը հրավիրում է մեզ խորհելու ոչ միայն անցյալի մասին, այլև ներկայում մեր ունեցած պարտավորությունների և ապագա անելիքների շուրջ։

Սիրելի՛ բարեկամներ,

Ցանկանում եմ հատուկ ընդգծել Հունաստանի կարևոր դերը մշակութային երկխոսության և խաղաղության գաղափարների տարածման գործում։ Հայ և հույն ժողովուրդների պատմական բարեկամությունը մեզ պարտավորեցնում է շարունակել այս համագործակցությունը՝ կրթության, մշակույթի, մարդասիրական նախաձեռնությունների ոլորտներում։ Մենք հավատում ենք, որ նման ծրագրերը ամրապնդում են ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև նպաստում են ավելի խաղաղ ու համերաշխ միջազգային միջավայրի ձևավորմանը։

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ցուցահանդեսի կազմակերպիչներին, թանգարանի ղեկավարությանը և բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումն ու ջանքերն են ներդրել այս կարևոր նախաձեռնության իրականացման համար։ Ձեր աշխատանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մշակույթը կենդանի կամուրջ է ժողովուրդների միջև։

Թող Գրիգոր Նարեկացիի աղոթքը խաղաղության համար հնչի ոչ միայն այս սրահում, այլև մեր բոլորի սրտերում։ Թող այն դառնա հիշեցում, որ խաղաղությունը սկսվում է յուրաքանչյուրիցս՝ մեր մտածողությունից, մեր խոսքից և մեր գործերից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր