211652_close_icon

Հայաստանը Հռոմում ներկայացրել է 2026 թվականին Երևանում կայանալիք COP-17-ի տեսլականը

views-count406 դիտում article-date 14:25 17-02-2026
Հռոմում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի իրականացման հարցերով օժանդակ մարմնի 6-րդ նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախաձեռնությամբ անցկացվել է առաջիկա նախագահության ներկայացման տեղեկատվական միջոցառում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Նախարարը գրել է, որ այն հարթակ էր՝ ներկայացնելու Հայաստանի՝ որպես հաջորդ համաժողովի նախագահող կողմի մոտեցումները և 2026 թվականին Երևանում կայանալիք COP17 նախապատրաստական աշխատանքների հիմնական ուղղությունները։

«Միջոցառման ընթացքում հանդես եկա ելույթով՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է ղեկավարել կոնվենցիայի ներքո ընթացող գործընթացները թափանցիկ, ներառական և հավակնոտ մոտեցումներով՝ սերտ համագործակցությամբ և համատեղ պատասխանատվության գիտակցումով։Երևանում կայանալիք համաժողովը պետք է դառնա գործողությունների իրական խթան, որպեսզի միջազգային հանձնառությունները վերածվեն չափելի արդյունքների։

Առանձնացրեցի համաժողովի կարևոր վերջնարդյունքը՝ աշխարհի կենսաբազմազանության պահպանության 2030 թվականի նպատակների իրականացման առաջընթացի առաջին համապարփակ գնահատում։ Այդ գնահատումը պետք է օգնի հստակ տեսնել՝ ինչն է արդեն իրականացվել, որտեղ են դեռ խնդիրներն ու բացերը, և ինչ գործնական քայլեր են անհրաժեշտ առաջընթացն արագացնելու համար։ Այս համատեքստում կարևորեցի երկրների կողմից ազգային զեկույցների ժամանակին ներկայացումը՝ որպեսզի ընդհանուր գնահատումը հիմնված լինի ամբողջական և հավաստի տվյալների վրա։

Շեշտել եմ նաև ֆինանսավորման կարևորությունը․ կենսաբազմազանության պահպանության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են բավարար, հասանելի և կանխատեսելի ֆինանսական միջոցներ, և Հայաստանը պատրաստ է աշխատել գործընկերների հետ՝ տարբեր մոտեցումները համակարգելու և գործնական լուծումներ գտնելու ուղղությամբ։

Առանձին ուշադրության արժանացրեցի համաժողովին մասնակից բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների դերակատարությունը՝ որպես բնության պահպանության կարևոր գործընկերների։ Անդրադարձա նրանց գիտելիքի և փորձի լիարժեք հաշվի առնելու անհրաժեշտությանը, ինչպես նաև այն, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն արդյունավետ ու իրական մասնակցությամբ՝ արդյունք ապահովելու նպատակով։

Ելույթներով հանդես եկան նաև ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, ԱԳՆ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Մասնակցել են COP17-ի հատուկ բանակցող Մհեր Մարգարյանը, Իտալիայի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Միջոցառման ընթացքում ծավալված քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև այն հարցին, որ կենսաբազմազանության կորուստը սերտ կապված է կլիմայի փոփոխության, հողերի վատթարացման և աղտոտման խնդիրների հետ։ Այս պատճառով Հայաստանը կարևորեց տարբեր բնապահպանական օրակարգերի միջև համագործակցության ամրապնդումը՝ լուծումների ազդեցությունն առավել մեծացնելու համար։

Միջոցառմանը ներկայացվեցին նաև մի շարք կազմակերպչական նախաձեռնություններ՝ ներառյալ համաժողովի վիզուալ խորհրդանիշը (լոգոն), նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև Երևանում կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողով անցկացնելու գաղափարը։

Միջոցառումն ամփոփեցինք պարզ ուղերձով՝ ժամանակն է գործելու բնության համար, որպեսզի համաշխարհային պայմանավորվածությունները վերածվեն իրական փոփոխությունների՝ հանուն մարդկանց և բնության անվտանգ ապագայի»,- գրել է Մաթևոսյանը։

Նմանատիպ նյութեր