211652_close_icon

«Առանձնահատուկ ոչ մի բան»․ Վրաստանի ԱԳ նախարարը մեկնաբանել է Էստոնիայի դեսպանի տեղափոխումը Հայաստան

views-count505 դիտում article-date 16:50 14-02-2026
Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ «առանձնահատուկ ոչ մի բան» չի տեսնում Թբիլիսիում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարի աշխատանքը դադարեցնելու և նրան Հայաստան տեղափոխելու որոշման մեջ, հայտնում է Գրուզիա Օնլայնը։

«Դա ցանկացած երկրի իրավասությունն է։ Արտաքին գործերի նախարարությունները կարող են դեսպաններին մի պաշտոնից մյուսը տեղափոխել սեփական հայեցողությամբ։ Ես դրանում առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում… Դրանում արտառոց ոչինչ չկա, եթե միայն էստոնական կողմն ինքը դրան առանձնակի նշանակություն չի տալիս», – ասել է Բոչորիշվիլին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։

Ըստ ամենայնի, Տալլինը պաշտոնապես չի տեղեկացրել Թբիլիսիին այս որոշման մասին. Վրաստանի ԱԳՆ-ում տեղափոխման մասին հայտնի է դարձել մամուլից, գրում է վրացական լրատվամիջոցը:
«Ես չեմ կարող մեկնաբանել էստոնական լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունը», – պատասխանել է Բոչորիշվիլին լրագրողներին, որոնք հետաքրքրվում էին մանրամասներով:
Կադրային փոփոխությունների մասին ավելի վաղ հայտնել է Էստոնիայի ազգային հեռուստառադիոհեռարձակումը (ERR): Մարդիսալու-Կահարի նստավայրը, որի լիազորությունները տարածվում են միաժամանակ Վրաստանի և Հայաստանի վրա, գտնվում է Թբիլիսիում: Սակայն Էստոնիան մոտ ժամանակներս ծրագրում է բացել իր առաջին դեսպանատունը Երևանում, ինչից հետո դիվանագետն իր աշխատանքը կշարունակի արդեն այնտեղից
Տալլինում այս տեղափոխությունը բացատրել են վրացական կառավարության հետ հարաբերությունների սառեցմամբ և միաժամանակ Հայաստանի հետ կապերի ամրապնդմամբ։

Վերջին ամիսներին Էստոնիան բազմիցս քննադատել է Վրաստանի իշխանություններին եվրաինտեգրման կուրսից շեղվելու և ներքաղաքական գործընթացներին տված արձագանքի համար, մինչդեռ Երևանի հետ համագործակցությունը, ընդհակառակը, ակտիվացել է՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության խորացման ֆոնին։

Նմանատիպ նյութեր