211652_close_icon

Համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյա հոբելյանին

views-count1003 դիտում article-date 16:29 06-02-2026
Փետրվարի 10-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա բացառիկ համերգ՝ նվիրված հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու (1676–1749) ծննդյան 350-ամյա հոբելյանին։

Համերգին համատեղ ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը՝ ներկայացնելով հայկական հոգևոր երաժշտության բազմադարյա ժառանգությունը, որի առանցքում Մխիթար Սեբաստացու ստեղծագործական և մտավոր վաստակն է։

Մխիթար Սեբաստացին նշանակալի դեր է ունեցել հայկական հոգևոր և մշակութային կյանքի ձևավորման գործում՝ թողնելով անգնահատելի ներդրում հայ գրականության, կրթության և հոգևոր երաժշտության զարգացման մեջ։ 

Համերգային ծրագիրը նպատակ ունի նորովի ներկայացնելու նրա ազդեցությունն ու գաղափարական ժառանգությունը՝ ժամանակակից կատարողական մեկնաբանությամբ։

Ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները ներկայացվում են հատուկ կամերային երաժշտական կազմի համար կատարված մշակումներով և առաջին անգամ են հնչում լայն հանրության համար։

Ծրագրում ընդգրկված են Մխիթար Սեբաստացու, ինչպես նաև Մխիթարյան մեծանուն վարդապետների՝ Հ. Ղևոնդ Ալիշանի, Հ. Գաբրիել Այվազովսկու, Հ. Կարապետ Տէր Սահակեանի, Հ. Մեսրոպ Ճանաշյանի և Հ. Վահան Յովհաննէսեանի հայաշունչ ստեղծագործությունները՝ բացահայտելով հայկական հոգևոր երաժշտության խորությունն ու հայկական մշակույթի հարուստ ավանդույթը։

Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։ 

Համերգն իրականացվում է Մխիթարյան միաբանության հետ համագործակցությամբ։ 
 

Նմանատիպ նյութեր