211652_close_icon

Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

views-count607 դիտում article-date 16:31 06-02-2026
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց. վերաքննիչ դատարանը բավարարեց փաստաբանների ներակայացրած խափանման միջոցի միջնորդությունը և կալանքը փոխարինեց տնային կալանքով։

«Տնային կալանք և բացակայելու արգելք, որի ընթացքում արգելված է ընդունել հյուրեր, հեռախոսային խոսակցություններ, նամակագրություն և այլն։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի»,- ասված է դատարանի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով: Պատժի սկիզբը սահմանվել է փաստացի արգելանքի տակ վերցնելու օրը:

Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր։

Նմանատիպ նյութեր