211652_close_icon

Մեկնարկում են 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերը

views-count874 դիտում article-date 13:48 04-02-2026
Փետրվարի 4-ին Իտալիայի Միլան, Կորտինա դ’Ամպեցո, Վալյի դի Ֆիեմե եւ Վալետելինե քաղաքներում կմեկնարկեն 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Առաջին մրցումային օրը տեղի կունենան քյորլինգի մրցաշարի առաջին տուրի հանդիպումները։

Բացման հանդիսավոր արարողությունը փետրվարի 6-ին է։

Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահքի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը:

Խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Կարինա Ակոպովան - Նիկիտա Ռախմանին զույգը: Նրանք նվաճել են գեղասահքի զույգերի առաջին օլիմպիական ուղեգիրը ՀՀ անկախության շրջանում։ Առաջինը պայքարի մեջ կմտնեն գեղասահորդները. կարճ ծրագրի որակավորման փուլում նրանց մրցելույթը նախատեսված է փետրվարի 6-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 8-ին։

Փետրվարի 7-ին դահուկորդ Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:

Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում:

Նմանատիպ նյութեր