211652_close_icon

Ucom-ը նույնպես մեկնաբանել է վճարումների ընդունման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները

views-count1522 դիտում article-date 09:23 31-01-2026
Ucom-ը ներկայացրել է իր դիրքորոշումը՝ ի պատասխան վճարումների ընդունման գործընթացի վերաբերյալ վերջին շրջանում հնչող մեկնաբանություններին ու հարցադրումներին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ucom-ի մամլո ծառայության տարածած հայտարարությունը։

«Ucom-ի և վճարահաշվարկային ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների միջև բանակցությունների ընթացքում առաջարկված պայմանները էապես տարբերվել են շուկայում ձևավորված ընդհանուր գործելակերպից։ Մասնավորապես, Ucom-ի համար առաջարկված սակագները զգալիորեն բարձր են եղել այն պայմանների համեմատ, որոնք նույն վճարահաշվարկային ընկերությունները կիրառում են, օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների դեպքում»,- նշված է Ucom-ի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ հաշվի առնելով շուկայի տրամաբանությունը և հավասար պայմանների պահպանման անհրաժեշտությունը՝ Ucom-ը հանդես է եկել սակագների վերանայման նախաձեռնությամբ՝ առաջարկելով դրանք մոտեցնել շուկայում ընդունված պայմաններին։ Քննարկումների ընթացքում ներկայացվել են նաև լուծումներ, այդ թվում՝ սակագների աստիճանական փոփոխության հնարավոր տարբերակներ։

«Չնայած կառուցողական քննարկումների պատրաստակամությանը՝ ներկայացված առաջարկներին չի հաջորդել հստակ հիմնավորում կամ բացատրություն այն տարբերակման վերաբերյալ, որը կիրառվում է տարբեր ոլորտների ընկերությունների նկատմամբ՝ նույն ծառայությունների շրջանակում։ Ucom-ն իր գործունեությունն իրականացնում է առաջնորդվելով թափանցիկության, արդար մրցակցության և բաժանորդների շահերի պաշտպանության սկզբունքներով։ Սույն որոշումը ևս թելադրված է եղել այդ սկզբունքներով, այլապես նոր սակագներն անխուսափելիորեն կանդրադառնային նաև բաժանորդներին տրամադրվող այլ ծառայությունների սակագների վրա։ Ընկերությունը բաց է համագործակցության համար բոլոր այն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ, որոնց պայմանները համապատասխանում են շուկայական տրամաբանությանը և ապահովում են հավասարակշռված գործընկերություն։ Ըստ այդմ, համագործակիցների ցանկը հնարավոր է կրկին վերանայվի»,- նշված է հայտարարության մեջ։ 

Միևնույն ժամանակ, Ucom-ը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունը բոլոր գործընկերների հետ՝ այն պայմանով, որ հնարավոր կլինի հասնել փոխշահավետ և արդար լուծումների՝ առանց բաժանորդների հարմարավետությանը վնաս հասցնելու։

Ավելի վաղ Team Telecom Armenia ընկերությունը նույնպես անդրադարձել էր վճարումների ընդունման փոփոխությունների վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին: «Team Telecom Armenia-ն հայտնել էր, որ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Իդրամ» ՍՊԸ, «Իզի փեյ» ՍՊԸ և «Թել-Սել» ԲԲԸ վճարահաշվարկային ընկերությունների կողմից Team Telecom Armenia-ին առաջարկված պայմանները ենթադրում էին ծառայությունների համար էապես ավելի բարձր սակագներ, քան այն սակագները, որոնք նույն ընկերությունները կիրառում են, օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Իդրամ», «Իզի փեյ», «Թել-Սել» և «Ֆասթ Շիֆթ» հարթակներում փետրվարի 1-ից հասանելի չեն լինի հայաստանյան ամենախոշոր օպերատորներից երկուսի՝ «Վիվա Արմենիա»-ի և Team Telecom Armenia-ի ծառայությունների դիմաց վճարումները։ Բջջային օպերատորների կողմից այս ծանուցումը բաժանորդների մոտ դժգոհություն էր առաջացրել։

Նմանատիպ նյութեր