211652_close_icon

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում. Այգեստանում 100-ից ավելի տան բնակիչների սիրելի «Թթենի» ֆիլմի վայրը վերածվել է կեղտասահադաշտի. պատկան մարմիններին չի հուզում, որ երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում այդ պայմաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1486 դիտում article-date 15:19 26-01-2026
Տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքում տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փողոցով անցնող դիտահորերից կեղտաջրերը դուրս են թափվում ու լցվում փողոցով մեկ։

Անգամ գարշահոտը զգացվում է մի քանի հարյուր մետրից, իսկ երեխաները դպրոց են հաճախում այդ պայմաններում։

Այսօր՝ հունվարի 26-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում պատկան մարմիններին՝ ասելով.

«Էս խնդիրը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի։ Ում ասես դիմել ենք, է՛լ «Վեոլիա ջուր», է՛լ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, է՛լ Կենտրոնի թաղապետարան, սակայն ոչ մի տեղից վերջնական հարցի լուծում չեն տեսնում։ Ամբողջ տարածքում գարշահոտ է տիրում։ Երեխաներին էս ճանապարհով ենք դպրոց ու մանկապարտեզ տանում ու ամեն անգամ նույն հակահիգիենիկ վիճակին ենք ականատես լինում։

Պատկերացրեք՝ էլ կառույց չի մնացել, որ չդիմենք. մեկը մեկի վրա է գցում։ «Վեոլիա ջուրն» ասում է դա իմ գործը չէ, պետք է զբաղվի քաղաքապետարանը, քաղաքապետարանն ասում է դա մեր գործը չէ, պիտի անի «Վեոլիա ջուրը», հետո նորից դիմում ենք «Վեոլիա ջրին», ասում է դա մեր գործը չէ, պիտի անի թաղապետարանը։ Ու էդպես երկար ու ձիգ տարիներ։ 

Ոնց հասկանանք, եթե «Վեոլիա ջրինը» չի էդ կոյուղագիծը, ինչու է նա մեզնից փող գանձում։ Պարտաճանաչ վճարումները կատարում ենք, էդ դեպքում էդքան որ գումար ենք վճարել «Վեոլիային»,  հավաքեինք իրար գլուխ էդ կոյուղագծերը նո՞ր էինք փոխել։ Հիմա ինչ անենք որ էս խնդիրը վերանա։ Ասում են պայքարեք կորոնայի ու տարատեսակ վիրուսների տարածման դեմ։

Բա եթե սա վիրուսի տարածում չէ, ինչ է։ Ամբողջ փողոցը 100-ից ավել տներով էս վիճակում է գտնվում։ Չենք կարողանում փողոցն անցնել։ Գարշահոտը ոչ միայն խեղդում է այլ նաև անհնարին է դարձնում շնչել ու արտաշնչելը։

Էս փողոցը դեռ սովետական տարիներից հայտնի է «Թթենի» ֆիլմի փողոց, քանի որ սիրված ու հայտնի «Թթենի» ֆիլմը հենց այստեղ է նկարահանվել։

 Պատկերացնո՞ւմ եք, էն ժամանակ փողոցն իր տներով հայտնի էր «Թթենու» նկարահանման հրապարակ, հիմա անունը փոխել ենք, դրել ենք կեղտաջրերի սահադաշտ։

Խնդրում ենք պատասխանատուներին, որպեսզի էս վիճակը կարգավորեն։ Բավականին տհաճ է, ով է տեսել 21-րդ դարում նման վիճակ։ Հետո էլ ասում են՝ մենք գնում ենք դեպի Եվրոպա։ Եթե այս ձև է ձեր Եվրոպա գնալը, ավելի լավ է մնաք կարգավիճակում»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի անգամ բնակիչներն իրենց ուժերով են խցանված դիտահորերը մաքրել, բայց դա պետք է արվի «Վեոլիա ջրի» կամ Կենտրոնի թաղապետարանի ու Երևանի քաղաքապետարանի համատեղ ուժերով, ինչը վերջնականապես կլուծի այդ խնդիրը։ Պետք է օր առաջ նաև փոխել վնասված կոյուղատարերը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր