211652_close_icon

Ազգային թեմաները, հավատքի գաղափարը պետք է վերացնեն, ուժեղացնեն ռեպրեսիաների գործիքակազմը, որովհետև նպատակը, միակ շահը իշխանությունը պահելն է. Թևան Պողոսյան. «Փաստ»

views-count592 դիտում article-date 10:51 20-01-2026
Օրերս Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև ստորագրված փաստաթուղթը շատ փորձագետների շրջանում ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։ Քաղաքագետ Թևան Պողոսյանի պարագայում այս փաստաթուղթը ո՛չ հարց է առաջացրել, ո՛չ էլ պատասխան տվել։

«Ամեն ինչ հասկանալի է, այն սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, որոնց շրջանակի մեջ ամերիկյան կողմը ստանձնել է իր վերահսկողության փաթեթը։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ այստեղ ճանապարհի խնդիրը չէ։ 2020 թվականի վերջից, 2021 թվականից ամեն անգամ ասել եմ՝ ճանապարհն ունի միջազգային կոնսենսուս, այն է, որ դա պետք է բացվի, ճանապարհ պետք է լինի։ Ամբողջ «կռիվը» միշտ ընթացել է վերահսկողության համար։ Ռուսական կողմը, իրանական կողմը, թուրքական կողմը, եվրոպացիները, ամերիկացիները, բոլորը փորձում էին վերահսկողության խնդիրն իրենց վերցնել։ «Կռիվը» ոչ թե ճանապարհ լինել-չլինելու մասին էր, այլ վերահսկողության։ Դրա մասին բազմիցս ասել եմ, այլ խնդիր է՝ մարդիկ լսե՞լ են, թե՞ չեն լսել։ Հիմա այս ամենի մեջ ամերիկյան կողմն ունի իր բաժինը։ Ռուսական կողմը հիշեցնում է, որ կա Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որտեղ իր վերահսկողության խնդիրն է առաջ քաշված։ Իրանն իր վերահսկողության հանգամանքով միշտ ասում է՝ չի լինելու միջանցք, իսկ թուրք-ադրբեջանական կողմն էլ իր ասելիքն է ասում։ Ինձ համար այդքան մեծ կարևորության հարց չէ, թե բուն բովանդակային իմաստով ինչ է ձևակերպված այս փաստաթղթերում, որքան այն, թե ով է ստանձնել վերահսկողությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Ընդգծում է՝ նույն փաստաթղթում նշված է, որ իրավական հետևանքներ այն իրենից չի ներկայացնում։ «Չկա վերահսկողության գաղափարի վերաբերյալ կոնկրետություն, բայց Ամերիկան իր «թաթը» դրել է այն իմաստով, որ, օրինակ՝ ձեզ 26 տոկոս կտամ, կարող է՝ վաղն էլ 20 տոկոս տամ, և այդպես շարունակ»,-նշում է մեր զրուցակիցը։ Որպես օրինակ բերում է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Գրենլանդիայի մասով, որը փոփոխվել է որոշակի ժամանակաշրջանի տիրույթում։ «Որ վայրկյանին պետք լինի, նա իր գաղափարային գիծը փոխելու է, այլ հարց է, որ ունի նույն ձևի ստորագրված թուղթ, ինչպես ռուսական կողմը։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ Ռուսաստանի ստորագրությունն է, այստեղ կա փաստաթուղթ, որի վրա ամերիկյան ստորագրությունը կա։ Հիմա ճանապարհի վերահսկողության «կռիվն» է, թե դրանցից հետո իրականության մեջ ինչ է լինելու, մենք ավելի շատ տուժելու ենք, թե կարողանալու ենք, այնուամենայնիվ, օգուտ քաղել, կախված է մեր վարած քաղաքականությունից։ Այսօրվա դրությամբ, մեր գործողների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք- ադրբեջանական շահերը։ Այնպես որ, նույնիսկ վստահ չեմ, որ հենց մեր թշնամիները թույլ են տալու, որ դա այդպես կյանքի կոչվի, ինչպիսին լինելու են Թրամփի ցանկությունները։ Աշխարհում ամեն օր մի բան է փոխվում։ Մեկ անգամ չէ, որ ինչ-որ բան ենք պայմանավորվել, մեկ էլ ասել են, օրինակ՝ Ամերիկան որոշել է Իրաքում պատերազմ սկսել, ինչ-որ ծրագրերի գումարներ այլևս չենք տա։ Եվրոպական ծրագրերի հետ կապված՝ նույն խնդիրը։ ՄԱԿ-ի բոլոր ծրագրերից ԱՄՆ-ն դուրս է եկել, «USAID»-ն է փակել։ Նկատի ունեմ, որ այս փոփոխվող իրականության մեջ ինքներս պետք է որոշենք՝ ինչ ենք անելու մեր ռեսուրսների վրա։ Իսկ ռեսուրսները ձևավորվում են, երբ կա ազգային միասնություն։ Երբ չկա ազգային միասնություն, օգտվելու են թշնամիները։ Նույն թուրքը մինչև հիմա ասում է՝ ոնց Ադրբեջանն ասի, այդպես ենք անելու, ադրբեջանական մոտեցումն ենք օժանդակում։ Իրենց մոտ այդ միասնությունը կամ մոտեցումը կա։ Մեզ մոտ չկա»,- հավելում է նա։

Նիկոլ Փաշինյանը փորձում է վերահսկողություն հաստատել երկրի ներսում, չեն դադարում հարձակումները Եկեղեցու վրա, չի նվազում քաղբանտարկյալների թիվը։ «2021 թվականի հունիսին Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ։ Երբ մարդիկ ինձ հարցնում էին՝ ի՞նչ է լինելու, ասել եմ՝ ռեպրեսիաներն են ուժեղացնելու, որովհետև իշխանությունը պահելու խնդիր են ունենալու և փորձելու են ազգայինը վերացնել։ Դա ասել եմ 2021 թվականի հուլիսին։ Հիմա այդ սխեման է գործում, ավելի է ուժեղանալու։ Ազգային թեմաները, միասնության տանող երևույթները, օջախները պետք է վերացնեն, ինչը նշանակում է, որ հավատքի գաղափարը պետք է վերացնեն, ուժեղացնեն ռեպրեսիաների գործիքակազմը, որովհետև նպատակը, միակ շահը իշխանությունը պահելն է։ Եթե շահերը փոխվեն ու դառնան, ասենք, ազգային, պետական, նման գործողություններ չեն անելու։ Ցանկացած մարդ մտածում է՝ եթե այսօր մի բան արեցի, ինչպես է դա ինձ վրա անդրադառնալու, ի՞նչ հետևանքներ է ունենալու։ Բայց երբ այսօր շահը միայն աթոռ պահելն է, այդ շահից ելնելով՝ ունենալու ենք այս պատկերը»,- եզրափակում է Թևան Պողոսյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր