211652_close_icon

Սյունիքի մարզում ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու

views-count3652 դիտում article-date 21:27 17-01-2026
Երեկ՝ հունվարի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Արմեն Ս.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքում՝ Սիսական-Ադոնց փողոցների խաչմերուկում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սյունիքի մարզի բնակիչ 9-ամյա աղջկա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է «Սիսիան» բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին։

Դեպքի վայր են ժամանել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սյունիքի մարզի ծառայողները։

Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ջոկի հրամանատար, իսկ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Սյունիքի մարզի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր