211652_close_icon

Դոնալդ Թրամփը խոսել է ֆրանսիական առոգանությամբ

views-count1840 դիտում article-date 19:30 17-01-2026
 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է ֆրանսիական առոգանությամբ Սպիտակ տանն ուրբաթ տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ՝ պատմելով այն խոսակցության մասին, որն ունեցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ դեղերի գների իջեցման առիթով, տեղեկացրել է Fox News-ը։

Ուրբաթ Թրամփը կլոր սեղան է հրավիրել Սպիտակ տանը՝ գյուղական առողջապահության վերաբերյալ, որտեղ նշել է գյուղական համայնքներում արված ներդրումները «մեծ, գեղեցիկ օրինագծի» շրջանակում, որը ստորագրվել է 2025թ. հուլիսին։ Օրենսդիրների եւ առողջապահության ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ Թրամփը պատմել է Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, երբ աշխատում էր դեղերի գների հավասարության հաստատման ուղղությամբ ԱՄՆ-ում, որոնք շատ ավելի բարձր էին Եվրոպայի գներից։

«Ես ասացի «Էմանուել»,- ասել է Թրամփը։

«Այո, Դոնալդ, Դոնալդ։ Շնորհակալություն զանգի համար»,- շարունակել է նա՝ ծաղրելով Մակրոնին։

«Ես ասացի. «Ձեզ դուր չի գա այս զանգը»,- շարունակել է Թրամփը։

«Դուք պետք է բարձրացնենք դեղերի գները»,- ասել է Թրամփը Մակրոնին։

«Ոչ, ոչ, ոչ, ոչ, ես դա չեմ անի»,- ասել է Թրամփը «ֆրանսիական» առոգանությամբ։

«Ես ասացի. Էմանուել, մենք վճարում ենք 13 անգամ ավելի շատ, քան... 13 անգամ, ոչ թե 13 տոկոս, 13 անգամ ավելի շատ, քան դուք եք վճարում այդ օրինագծի համար»։ Ես մի քանի խելագար թվեր նշեցի։ Գիտեք այդ թվերը, որոնց մասին խոսում եմ»,- շարունակել է ԱՄՆ նախագահը։

«Ահա թե բանն ինչ է, Էմանուել։ Եթե դուք դա չանեք, ես պատրաստվում եմ 25 տոկոսանոց մաքսատուրքեր մտցնել բոլոր ապրանքների վրա՝ գինի, շամպայն եւ մնացած ամեն ինչ, որ բերվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ»»։

«Նա ասաց. «Դոնալդ, ես  հաճույքով կանեմ դա Ձեզ համար։ Ինձ համար մեծ պատիվ է անել դա»,- շարունակել է Թրամփը՝ վերապատմելով իր խոսակցությունը Մակրոնի հետ։

Մայիսին Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով սահմանվել է դեղերի «առավել բարենպաստ» գնագոյացման քաղաքականություն, որը պահանջում էր, որ Միացյալ Նահանգները վճարի ոչ ավելի, քան նույն դեղերի համար այլ զարգացած երկրների կողմից գանձվող ամենացածր գինը։

Թրամփը պնդում էր, որ Եվրոպան, այդ թվում՝ Ֆրանսիան, ստիպված կլինի ավելի շատ վճարել դեղերի համար, քանի որ նրանց կառավարության սահմանած ծայրահեղ ցածր գները թույլ են տալիս դեղագործական ընկերություններին ծախսերը փոխանցել ամերիկացիներին։

Թրամփը պնդում էր, որ օգտագործել է սակագների սպառնալիքը՝ եվրոպական երկրներին ստիպելու բարձրացնել դեղերի գները, քանի որ աշխատում էր վերացնել դեղերի գների անհավասարությունը երկու երկրների միջեւ։

Թրամփն ավելի վաղ առոգանությամբ խոսել էր Մակրոնի մասին խոսելիս, իսկ ուրբաթ օրը նա նշել է, որ ինքը Մակրոնի երկրպագուն է՝ նրան անվանելով «շատ լավ մարդ»։

«Նա ինձ շատ է դուր գալիս։ Հուսով եմ, որ նա լսում է, որովհետեւ նա սրան չի հավատում, բայց ես հավատում եմ,- ասել է Թրամփը։- Նա լավ մարդ է»։

Նմանատիպ նյութեր