211652_close_icon

Ստամբուլի  «Հրանտ Դինք» վարժարանը միացավ «Միասին» ՀԿ-ի «Խաղաղ Ամանոր»-ին

views-count817 դիտում article-date 18:30 13-01-2026
«Միասին» կրթամշակութային, սոցիալական, հոգեւոր-դաստիարակչական համահայկական ՀԿ-ն՝ Վաղարշապատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ հունվարի 10-ին Էջմիածնում իրականացրին «Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագրի հերթական միջոցառումը։ Ծրագրի շահառուներն էին՝ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Վաղարշապատ համայնքի զոհված հայորդիների և անհետ կորածների, նաև համայնքում հաստատված արցախցի ընտանիքների 25 երեխաներ։ Այս մասին տեղեկացնում են  «Միասին» համահայկական ՀԿ-ից:

Նախաձեռնության նպատակն էր՝ երեխաներին պարգևել ոչ միայն տոնական տրամադրություն, այլև՝ ուշադրություն, ջերմություն ու հոգատարություն։ Միջոցառումը տեղի ունեցավ Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարանի հանդիսությունների սրահում։

Ծրագրի շրջանակում երեխաները դիտեցին «Խարիսխ» շրջիկ թատրոնի գունեղ և ուսուցողական «Կախարդական տոնածառը» ներկայացումը։ Այնուհետև Ձմեռ պապը երեխաներին հանձնեց նվերներ՝ տաք հագուստ, խաղեր, խաղալիքներ և քաղցրավենիք։ Միջոցառման ավարտին կազմակերպվեց նաև հյուրասիրություն։

Ներկաների թվում էին Վաղարշապատ համայնքի ղեկավարի օգնական Մանվել Մելիքյանը, վերոհիշյալ տուն-թանգարանի տնօրեն Քրիստինե Թորոսյանը և այլ հյուրեր։ Նախաձեռնությունը Հայաստան–Սփյուռք համագործակցության ևս մեկ դրսևորում էր՝ օրինակելի և ուսանելի։ Էջմիածնի ծրագրին մեծապես աջակցեց Ստամբուլի «Հրանտ Դինք» հայկ. վարժարանը․ դպրոցի աշակերտները մեծ նվիրումով պատրաստել էին զանազան իրեր, տոնական ձեռագիր բացիկներ՝ ամանորյա բարեմաղթանքներով առ Հայաստանի իրենց հասակակիցները՝ անկեղծ հոգատարություն, կարեկցանք ու համերաշխություն արտահայտող։

 Նախաձեռնությանն իր մասնակցությունը բերեց Ստամբուլում գործող «Ալյուր» սրճարան-ռեստորանը՝ Արշալույս Պալմումճույանի գլխավորությամբ, որի ջանքերով կարճ ժամանակում պատրաստվեց և Հայաստան ուղարկվեց ամանորյա թխվածքաբլիթներ։ Նվերների հարցում իրենց բաժինն ունեցան Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվ. պետական քոլեջի ուսանողները, նաև «Մարտին Սթար» ընկերությունը։ Իր ողջույնի խոսքում «Միասին» ՀԿ հիմնադիր նախագահ Գևորգ Չիչյանը նշեց, որ նման ծրագրերը մշտապես կազմակերպության ուշադրության կենտրոնում են։

  Նրա խոսքով հետևողականորեն ձգտում են համախմբել հայաստանյան և սփյուռքյան գործընկերների ուժերը՝ երեխաներին ուրախություն, ուշադրություն և ժպիտ պարգևելու նպատակով։ Գևորգ Չիչյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Ստամբուլի «Հրանտ Դինք» վարժարանին՝ տնօրեն Արեգնազ Ավագյանի գլխավորությամբ՝ ընդգծելով, որ կարճ ժամանակում կարողացան համախմբել աշակերտներին և ծնողական համայնքին նախաձեռնության արդյունավետ իրականացման խնդրի շուրջ։ Նրա խոսքով՝ վարժարանի ներգրավվածությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ, անկախ հեռավորությունից, հնարավոր է լինել միասնական։

 Նա նաև շնորհակալություն հայտնեց Վաղարշապատի համայնքապետարանին՝ աջակցության, Էջմիածնի պետական քոլեջի ուսանողներին նվերներ պատրաստելու և «Մարտին Սթար» ընկերությանն՝ իր ապրանքատեսականիից տրամադրելու համար:

Վաղարշապատ համայնքի ղեկավարի օգնական Մանվել Մելիքյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը համայնքային համերաշխության և սոցիալական աջակցության տեսանկյունից՝ վերահաստատելով համայնքապետարանի շարունակական ներգրավվածությունը հիշյալ ծրագրերում։ Միջոցառման ավարտին Գևորգ Չիչյանը շնորհակալագրեր հանձնեց Վաղարշապատի համայնքապետարանին, Ստամբուլի «Հրանտ Դինք» վարժարանին, «Մարտին Սթար» ՍՊԸ-ին և ծրագրի իրականացմանը նպաստած բոլոր գործընկեր կառույցներին։

 «Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագիրն իրականացվում է 2022 թվականից՝ Հայաստանի և Սփյուռքի գործընկեր կազմակերպությունների՝ հայկական դպրոցների, երիտմիությունների, մշակութային խմբերի, հանրային դեմքերի և անհատ բարեկամների աջակցությամբ։ Տարիների ընթացքում այն անցկացվել է Երևանում, Վաղարշապատ, Լճաշեն, Գագարին և Արարատ համայնքներում՝ նշված սոցիալական խմբերի երեխաների համար։
   Ծրագրի կարևոր առաքելություններից է Սփյուռքում ապրող երեխաներին հաղորդակից դարձնել Հայաստանում բնակվող իրենց հասակակիցների խնդիրներին և նրանց մեջ ձևավորել աջակցելու, հոգ տանելու զգացում։

Ընդհանուր առմամբ, նախաձեռնությունից օգտվել է  մոտավորապես 180 երեխա։

 

 

Նմանատիպ նյութեր