211652_close_icon

Ինձ համար ուղիղ 7 օր է տևել զրոյական մակարդակից այսքանը սովորելը. Աննա Հակոբյանը չինարենի քննությունից տեսանյութ է հրապարակել

views-count1153 դիտում article-date 13:31 12-01-2026
Տեսանյութում հանձնում եմ չինարենիս քննությունը։ Այս մասին գրել է Աննա Հակոբյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:

«Ակնկալում եմ, որ յուրաքանչյուրը, ով Սուրբ Ծննդյան պատարագից հետո քննարկել, հետաքրքրվել, վերլուծել է իմ հագուստը, գլխարկը, զարդը, մեքենան, դրանցում գտել է մոգություն, թուղթուգիր, քաղաքական օգուտներ կամ վնասներ, նույնքան լրջությամբ և բազմակողմանիորեն կքննարկի իմ` չինարեն սովորելու փաստը։

Շատ կարևոր հանգամանքով եմ ուզում կիսվել. ինձ համար ուղիղ 7 օր է տևել զրոյական մակարդակից այսքանը սովորելը։ Մինչդեռ ես միջին կարողություններ ունեմ. երբեք աչքի չեմ ընկել գերբնական տաղանդներով։ Այդ դեպքում հարց է առաջանում` այդ ինչպե՞ս ստացվեց։ Գաղտնիքն ուսուցչուհու տաղանդի և նրա մեջ է, որ ես զբաղվում եմ իմ սրտին չափազանց մոտ գործով։ Իսկ ինչու՞ է ինձ այդքան սրտամոտ այն գործը, որ հիմա անում եմ։ Բանն այն է, որ մեր ժամանակներում, երբ չարիքն էլ է ռումբերի հետևանքով լինում, բարիքն էլ, իսկ մենք գիտենք, որ ռումբերը մաքուր չարիք են, ինձ չափազանց հետաքրքրում է վեցհազարամյա չինական քաղաքակրթության փորձը։ Ես ունեմ հարցեր և պետք է ստանամ դրանց պատասխանները։

Հավաստիացնում եմ` չեք զղջա, անպայման ընտրե՛ք ձեզ ամենասրտամոտ ոլորտը և 0-ից սկսե՛ք սովորել։ Մի բան, որ ոչ թե ստիպված եք անել, այլ ձեր կամքն է, ձեր ընտրությունը։ Մի բան, որ անում եք ոչ թե ուրիշի կամ ինչ-որ նպատակի հասնելու համար, այլ միայն ու միայն ձեզ համար։ Դու՛ք եղեք ձեր նպատակը, նոր գիտելիք ձեռքբերելու ձեր միակ շահառուն։ Մնացածը կգա ինքնըստինքյան` հաճելի «բոնուսների» տեսքով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն

Անկեղծորեն ներողություն եմ խնդրում մեր բոլոր միջազգային բարեկամներից, գործընկերներից, առաջին տիկիններից, միջազգային կազմակերպություններից և կառույցներից, որ չեմ կարողանում ներկա գտնվել միջոցառումներին և այցերին, չեմ կարողանում ընդունել ելույթներ ունենալու առաջարկները։ Ինձ համար այդ շփումները շատ կարևոր և մեծ պատիվ են, բայց, բոլորի թույլտվությամբ, որոշ ժամանակ ևս կմնամ ակադեմիական մեկուսացման մեջ»,-գրել է  նա:

Նմանատիպ նյութեր