211652_close_icon

Մենք այսօր ընդգծում ենք մարդուն․ Արարատ Միրզոյանը՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը

views-count850 դիտում article-date 17:15 31-12-2025
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը 2025» մրցանակաբաշխությանը։ Նախարար Միրզոյանը մրցանակը հանձնել է Արտաշատ քաղաքում գործող «ArtSoft» ծրագրավորման կենտրոնի հիմնադիր Արարատ Վիրապյանին:

Մրցանակը հանձնելիս Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է. «Այսօր մենք այստեղ ենք արժևորելու մարդուն, ով հավատում է իր գաղափարին, միտքը դարձնում է նպատակ, անխոնջ, երբեմն աննկատ, բայց միշտ սիրով և հետևողականորեն աշխատում է դրա կենսագործման ուղղությամբ՝ հաղթահարելով բարդությունները և գուցե ընթացքում չնկատելով, թե ինչպես է իր աշխատանքն օրըստօրե միս ու արյուն ստանում:

Հենց այսպիսի նվիրումն ու ջանքն է, որ ոգեշնչում է մյուսներին և արդյունք է տալիս՝ աստիճանաբար վերածվելով հանրային արժեքի և բերելով խորքային փոփոխություններ։

Սա վերաբերելի է կյանքի բոլոր ոլորտներին, բայց այսօր ուզում եմ շեշտել հատկապես անհերքելի և ստեղծարար կապը երիտասարդության, ամենաանհավատալի թվացող գաղափարների, գիտելիքի ուժի, տեխնոլոգիական զարգացման և նորարարության միջև: Նորարարություն, որը, պետք է խոստովանել, այլևս մեր ապագան չէ, այն մեր ներկան է, պարզ առօրյան, մեր շրջապատը։

Այս մրցանակը շնորհելով՝ մենք ընդգծում ենք հենց այս օրինակը, այս մարդուն։
ուզում եմ իմ խորը հիացմունքը և ակնածանքը հայտնել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակի բոլոր թեկնածուներին և պատիվ ունեմ հանձնել այդ մրցանակներից մեկը։

Եվ այսպես, «Մեր ժամանակի հերոսը 2025» մրցանակ է ստանում Արարատ Վիրապյանը՝ «ArtSoft» ծրագրավորման կենտրոնի հիմնադիր՝ քաղաք Արտաշատ»։

Նմանատիպ նյութեր