211652_close_icon

Առաջիկա ժամերին «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն կվերականգնվի բոլոր հասցեներում. Ռոմանոս Պետրոսյան

views-count613 դիտում article-date 22:04 29-12-2025
 ՀԷՑ-ի վթարված 110/35/6 կՎ «Վարդաշեն» ենթակայանում 6 կՎ թվով 23 նոր բջիջների, դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի, անհրաժեշտ ենթակառուցվածքների և ենթակայանը սնող նոր մալուխային գծերի վերջին միացումներն են արվում։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

Պետրոսյանը աշխատանքային լուսանկարներ է հրապարակել և գրել.

«ՀԷՑ-ի հարյուրավոր մասնագետներ շուրջ 44 ժամ՝ առանց մեկ րոպե դադարի, իրականացրել են ահռելի աշխատանք եւ կատարել հսկայածավալ հետվթարային, մոնտաժային եւ կարգաբերման աշխատանքներ՝ հնարավորինս շուտ վերականգնելու էլեկտրամատակարարումը նախօրեին տեղի ունեցած խոշոր էներգատեխնիկական վթարի հետեւանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում։
Առաջիկա 2-3 ժամերի ընթացքում «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի բոլոր հասցեներում։

Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը՝ պատճառված անհարմարությունների համար»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր են հոսանքազրկվել: Էրեբունի վարչական շրջանում արդեն երրորդն օրն է, հոսանք չկա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝  3 օր է՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 60-ից ավելի աշխատակիցներ, հատուկ մասնագետներ, էլեկտրամոնտյորներ 24 ժամ ռեժիմով, սառնամանիքի պայմաններում աշխատանքներ են իրականացնում Էրեբունի վարչական շրջանում գործող «Վարդաշեն» ենթակայանում, որտեղ օրեր առաջ պայթյուն էր տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով մեծ թվով շենքեր, սեփական տներ, խանութներ, ուսումնական հաստատություններ, խաչմերուկներում եղած լուսակիրներ անջատվել ու հոսանքազրկել էին։

ՀԷՑ-ի աշխատակիցները ոչ թե վերանորոգում են, այլ կարելի է ասել զրոյից հավաքում են նոր ենթակայան, իսկ դա բավականին ծանր և երկար աշխատանք է պահանջում, բայց ՀԷՑ-ականները նույնիսկ առանց ընդմիջման անում են անհնարինը, որպեսզի օր առաջ էլեկտրամատակարարումը վերականգնվի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով արդեն 2 անգամ նշված վայր է ժամանել Ռ. Պետրոսյանը, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով տեղում իրավիճակը հասկանալու համար ժամանել է քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը:

Նշված հատվածում երթևեկությունը Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով ժամանակավորապես դադարեցվել է։

Վթարի վայրում աշխատող ՀԷՑ-ի աշխատակիցները նշում էին, որ փորձում են գոնե այսօր էլեկտրամատակարարումը ժամանակավորապես վերականգնել, իսկ մինչ այդ ենթակայանի մեջից դուրս են բերում մոխրի վերածված հատուկ բաշխիչ արկղերը, որոնց թիվն անցնում է 20-ը, փոխարենը տեղադրվելու են նորերը։

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր