211652_close_icon

«Քննչական էին կանչել, քննիչն աղջիկ էր, հարցնում էր՝ կաշառք տվե՞լ եք, որ սեփականաշնորհել եք, ասի՝ քուրիկ ջան, ի՞նչ կաշառք»․ Վարդան Ղուկասյանի գործով հարցաքննվեցին վկաները․ Aravot.am

views-count889 դիտում article-date 18:47 25-12-2025
Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվեցին մի քանի վկաներ։

Առաջին վկան Կարեն Եղիազարյանն էր, որը «Դոմուսի» աշխատակից է։ Նա իր տված ցուցմունքում նշեց, որ 1991-1992 թվականին իր հայրը հողամաս է ձեռք բերել, գնել մասնավոր անձից, այնուհետ վաճառել է։ Հողամասը իր անունով է եղել, սակայն ինքը փաստաթղթային գործողությունների չի մասնակցել, երիտասարդ է եղել։

«3-4 տարի առաջ էր, քննչական էին կանչել, քննիչն աղջիկ էր, հարցնում էր կաշառք տվե՞լ եք, որ սեփականաշնորհել եք, ասի՝ քուրիկ ջան, ի՞նչ կաշառք, մենք մեր հողը սեփականաշնորհել ենք, վսյո, էդքան բան»,-ասաց վկան։ Մեղադրողը հարցրեց՝ տակի հողամասը, որը մասնավոր չի եղել, գնացել եք քաղաքապետարան ձեռք բերելու, կոնկրետ ի՞նչ գործողության եք մասնակցել, վկան ասաց, որ աճուրդ է եղել, հայտ է ներկայացրել իր հայրը, աճուրդից էլ 20 տարի անցել է, չի հիշում մանրամասներ։

Վկայի հայրը մահացել է։ Մեղադրողի հարցին՝ ինչ կարգով է տեղի ունեցել աճուրդը, վկան պատասխանեց․ «Հայտն իմ անունով էր, հայրս ասաց՝ աճուրդ է , մենակ հիշում եմ՝ 2-րդ, թե 3-րդ հարկում էր․ մեզանից բացի էլի մասնակիցներ կային, չեմ հիշում քանի հոգի էին»։

Նա նշեց, որ իր քրոջ ամուսինը ևս ուզում էր ձեռք բերել այդ նույն հողամասը, աճուրդի է մասնակցել։ Հարցին՝ կոնֆլիկտ ունեի՞ք ձեր փեսայի հետ, որ նա էլ էր ուզում հողամասը ձեռք բերել, պատասխանեց՝ այո։ Նա հիշեց, որ աճուրդից հետո կադաստր են գնացել, որտեղ գրանցել են այդ հողամասը։

Վկայական են ունեցել, այդ հողամասը վաճառել են։ Հարցին՝ ձեզ կադաստրի կամ քաղաքապետարանի աշխատակիցներից որևէ մեկը հայտնե՞լ է, որ այդ հողը օտարման ենթակա չէ, վկան ասաց՝ «Չեմ հիշում նման բան, եթե նման բան լիներ, ի՞նչ գործ ուներ էդ հողը մեզ մոտ, չգիտեմ՝ կարելի է եղել, չի կարելի է եղել, չգիտեմ»։ «Զանգեցին քննչականից, երիտասարդ աղջիկ էր, ասաց՝ հողի համար կաշառք տվե՞լ եք, ասի՝ ինչի՞ պիտի տամ կաշառք, քուրիկ ջան»,-նորից կրկնեց վկան։ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը ևս հետաքրքրվեց՝ որևէ մեկն ասե՞լ է, թե այդ հողամասը «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի տակ է, վկան ասաց՝ ոչ։ Հողը ծանրաբեռնված է եղել ալյումինե տաղավարով, դա իրենք քանդել են։ Նա նշեց, որ Վարդան Ղուկասյանի հետ որևէ շփում չի ունեցել, երբևէ չի տեսել շահագրգռվածություն նրա կողմից իրենց օգնելու։

Մյուս վկան՝ Արմեն Մինասյանն էլ, որը Կարեն Եղիազարյանի քրոջ ամուսինն է, ասաց, որ ինքը մի անգամ դիմել է աճուրդով հողամաս ձեռք բերելու։ Հարցին՝ երբևէ կոնֆլիկտ եղել է աներոջ հետ, վկան պատասխանեց՝ մի պահ եղել է, բայց նորմալ հարաբերությունների մեջ են։

Նա չհիշեց, թե ինչ հողամաս էր ուզում ձեռք բերել, քանի քառակուսի մետր էր։ Իսկ թե որտեղից էր իմացել աճուրդի մասին, ասաց՝ փոքր քաղաք է, որտեղ տեղեկատվությունն արագ տարածվում է։

Նա նշեց, որ տվյալ հողամասի համար աճուրդի մասնակցել է աներոջ խնդրանքով, մասնակցել են ինքն ու աները։

Վկան չհիշեց մանրամասներ աճուրդից։

Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը հարցրեց՝ երբևէ Վարդան Ղուկասյանի անունը շոշափվե՞լ է, վկան ասաց՝ չեմ լսել։

«Քննիչի ցույց տված փաստաթղթում ձեր ստորագրությո՞ւնն է», -հարցրեցին վկային։

«Իմինին նման է, բայց իմը չէ», – պատասխանեց նա։  

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր