211652_close_icon

Օդի որակը լավացել է. շինարարությունը չի կանգնել, չէ՞, մեքենաների շարժը չի դադարել, չէ՞. Տիգրան Ավինյան

views-count1150 դիտում article-date 11:09 15-12-2025
Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսից քամի, որի արդյունքում տեսանելիորեն օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեցել, զգալի այնքանով, որ համադրելի է ամառվա ցուցանիշների հետ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ զեկուցել է Բնապահպանության վարչության պետի ժ/պ  Սիրարփի Հայկազյանը:

«Մենք չենք բավարարվում միայն նրանով, որ կա ցիկլոն կամ անտիցիկլոն, ավագանու նիստով երկու որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններ ենք ներկայացնելու՝ նվազեցնելու մարդածին աղբյուրներից արտանետումները: Փոփոխություններից մեկը վերաբերելու է ավագանու 405 N որոշմանը, լրացուցիչ սահմանափակումներ են կիրառվելու շինհրապարակների նկատմամբ, երկրորդը՝ ավագանու 48 N որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններն են, որը պարտադիր բարեկարգման նորմեր է ենթադրում: Այն կիրառվելու է հանքավայրերի նկատմամբ»,-նշել է նա: 
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցադրումներ է ուղղել.

«Պարոն Խոջյան, դուք քաղաքում շինարարությունը չեք կանգնեցրել, չէ՞: 
-Ո՛չ։ 
-Պարոն Հարությունյան, դուք քաղաքում մեքենաների շարժը չեք արգելել, չէ՞։ 
-Ո՛չ: 
-Պարոն Բեգոյան, դուք շարունակում եք ձեր ծրագրերը և դժվար թե հազարավոր հեկտարներով կանաչապատ նոր տարածք ստեղծած լինեք քաղաքում»:

Ավինյանը հերթական անգամ ընդգծել է, որ Երևանում օդի որակի խնդիրը մեծապես պայմանավորված է օդի ինվերսիայով, բնակլիմայական պայմաններով և աշխարհագրական դիրքով:

«Այնուամենայնիվ պետք է շարունակաբար դիտարկենք մեծ ծավալով կանաչապատման աշխատանքները Երևան քաղաքից դուրս, որպեսզի կարողանանք որոշակի պատնեշ ստեղծել այն քամիների համար, որոնք որ բերում են այդ օդը դեպի քաղաք: Շատ դժվար բան եմ ասում, բայց, կարծում եմ՝ իրագործելի բան է և այդ ուղղությամբ պետք է աշխատենք»,-եզրափակել է Երևանի քաղաքապետը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր