211652_close_icon

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

views-count2650 դիտում article-date 17:12 07-12-2025
1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ողբերգություն, որն ընդհանուր դարձավ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար: Այդ օրը հանրապետության հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, պաշտոնական տվյալներով, խլեց 25 հազար մարդու կյանք։

Այս մասին նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«Տուժեցին Լենինականը (այժմ՝ Գյումրի), Կիրովականը (այժմ՝ Վանաձոր) և ավելի քան 300 բնակավայրեր, իսկ աղետի էպիկենտրոնում գտնվող Սպիտակ քաղաքը հիմնահատակ ավերվեց։ Աղետն ազդել է Հայաստանի տարածքի շուրջ 40 տոկոսի վրա։ Աղետի գոտում է հայտնվել մոտ 1 մլն մարդ։

Տեղեկանալով արտակարգ իրավիճակի մասին՝ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ.Ս.Գորբաչովն ընդհատել է պետական այցը ԱՄՆ և մեկնել Հայաստանի ավերված շրջաններ: Ստեղծվել էր կառավարական հանձնաժողով՝ աղետի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները համակարգելու համար, որի ղեկավարն էր ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ն.Ի.Ռիժկովը։

Տուժածներին առաջինը օգնության են հասել ԽՍՀՄ զինված ուժերի և ՊԱԿ-ի սահմանապահ զորքերի ստորաբաժանումները։ Նույն օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց բարձրակարգ բժիշկներից և ռազմադաշտային վիրաբույժների կազմված բժշկական խումբ: Ընդհանուր առմամբ, փրկարարական աշխատանքներին, կամավորներից բացի, մասնակցել են ավելի քան 20 հազար զինվորներ և սպաներ: Մի քանի օրվա ընթացքում հանրապետությունում տեղակայվել է 50 հազար վրան և 200 դաշտային խոհանոց։

Փլատակների մաքրման ժամանակ օգտագործվել է ավելի քան 3 հազար միավոր ռազմական տեխնիկա։ Ավերված շրջանների վերականգնմանը մասնակցել են բոլոր խորհրդային հանրապետությունները։

2008թ. Ն.Ի.Ռիժկովին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչում: Երկրաշարժի հետևանքների վերացմանը մասնակցած խորհրդային զինվորների հիշատակը հավերժացավ 2015թ. Սպիտակում տեղադրված հուշարձանով:

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Նմանատիպ նյութեր