211652_close_icon

Հռոմի պապը Թուրքիային հորդորել է ազգերի միջև միջնորդի դեր ստանձնել

views-count502 դիտում article-date 20:00 27-11-2025
 Հռոմի պապ Լևոն 16-րդը հինգշաբթի՝ իր պապական առաջին արտասահմանյան այցի ընթացքում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո, Թուրքիային հորդորել է ազգերի միջև միջնորդի դեր ստանձնել, հաղորդում է AFP-ն։

«Պարոն նախագահ, թող Թուրքիան լինի կայունության և ազգերի միջև մերձեցման աղբյուր՝ ծառայելով արդար և երկարատև խաղաղությանը,- Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում դիմել է նա պաշտոնյաներին և դիվանագետներին՝ իր չորսօրյա այցի սկզբում,- Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ են մարդիկ, որոնք կխթանեն երկխոսությունը և կկիրառեն այն հաստատուն կամքով և համբերատար վճռականությամբ»։

Հռոմի պապը նաև զգուշացրել է «համաշխարհային մակարդակում հակամարտությունների մակարդակի աճի մասին»։

Հռոմի պապի խոսքով՝ Թուրքիան «հատուկ դեր» է խաղացել որպես կամուրջ Արևելքի և Արևմուտքի, Ասիայի և Եվրոպայի միջև, բայց նաև «զգացմունքների խաչմերուկ» է, որը հարստացել է իր ներքին բազմազանության շնորհիվ։

«Դուք կարևոր տեղ եք զբաղեցնում Միջերկրական ծովի և ամբողջ աշխարհի ներկայում և ապագայում, առաջին հերթին այն պատճառով, որ գնահատում եք ձեր ներքին բազմազանությունը: Միատարրությունը կհանգեցնի աղքատացման: Իրոք, հասարակությունը կենսունակ է, երբ այն ունի բազմակարծություն: Քրիստոնյաները ցանկանում են դրական ներդրում ունենալ ձեր երկրի միասնության մեջ: Նրանք թուրքական ինքնության մի մասն են կազմում և զգում», - ասել է նա։
Աշխարհի կաթոլիկների առաջնորդը ասել է նաև, որ Թուրքիայի նման հասարակությունում, որտեղ կրոնը կարևոր դեր է խաղում, «անհրաժեշտ է հարգել յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու ազատությունը»։

«Մենք բոլորս Աստծո զավակներն ենք, և սա ունի անձնական, սոցիալական և քաղաքական հետևանքներ,- ասել է նա,- Այսօր սա լուրջ մարտահրավեր է, որը պետք է վերափոխի տեղական քաղաքականությունն ու միջազգային հարաբերությունները»։

Նմանատիպ նյութեր