211652_close_icon

Սա արվում է, որ հունիսին ընտրությունների ժամանակ ապահովեն քաղաքական տեսարաններ․ Արմեն Գևորգյանը՝ դատարանի շտապողականության մասին

views-count913 դիտում article-date 16:55 24-11-2025
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին իրավիճակը պարբերաբար լարվել է, դատարանը որոշել է դատական սանկցիա կիրառել Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ։ Սա փաստաբանի թվով չորրորդ սանկցիան է։ 

Այս մասին փոխանցում է Փաստինֆոն:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Լուսինե Սահակյանը բարձրաձայնեց դռնփակ նիստում Արմեն Գևորգյանի վերաբերյալ հարցերը դատարանի կողմից բացահայտելուն։ 

Փաստաբանն ընդգծեց, որ երբ դռնփակ դատական նիստ է տեղի ունենում, ապա ինֆորմացիա այդ նիստից դուրս չպետք է գա՝ անկախ նրանից դատավորի՞, թե՞ պաշտպանական կողմից է լինում։

«Բոլորս ստորագրում ենք, որ այն, ինչը տեղի է ունեցել փակ դատական նիստի ժամանակ, հանրությանը չհասնի»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դատավորը փակ նիստից ինֆորմացիա է հանրայնացրել։

Դատավոր Սարգիս Պետրոսյանն էլ նկատեց, որ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցն է քննարկվել, դատական նիստին հղում է տրվել վաղեմության ժամկետներին. «Այն, համենայնդեպս, իր մեջ որևէ գաղտնիք չի պարունակում»։

Փաստաբանը հաջորդիվ, անդրադառնալով գործի քննության ողջամիտ ժամկետներում քննելու մասին դատավորի հայտարարությանը, թե Արմեն Գևորգյանը գործողումների է եղել, հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է Արմեն Գևորգյանի գործուղումների հարցը քննարկվում ԱԺ-ում, հիմա՝ դատարանում. «Մի՞թե այս պետությունում չեն պատկերացնում, որ այդ հարցը չպետք է քննարկվի ընդհանրապես։ Դա պետության պարտավորությունն է՝ ամեն ինչ անել, որ պարոն Գևորգյանն անարգել մասնակցի այդ գործուղումներին և այդպիսի հարցեր չքննարկվի։ Հիմա ինչու է այս հարցը բարձրացվում, այսինքն՝ Արմեն Գևորգյանը գործուղման է եղել և նիստերը չե՞ն կայացել»։

Հաջորդիվ փաստաբանը հիշեցրեց, որ դատավորը ևս արձակուրդում է եղել։ Բացի այդ, Սահակյանն ընդգծեց, որ գործի   ողջամիտ ժամկետներում քննության շահառուն պաշտպանության կողմն է, դա պաշտպանության կողմի իրավունքն է, որի մասին հենց պաշտպանության կողմն է բարձրացնում։ Նախագահող Սարգիս Պետրոսյանն էլ վրդովվեց, նախ՝ հորդորեց իր հայտարարությունները չմեկնաբանել։

Հաջորդիվ, սանկցիա կիրառեց փաստաբանի նկատմամբ, երբ փաստաբանը խոսում էր դատարանի կողմից անձեռնմխելիության ինստիտուտը չհարգելու, օրենքից վեր դասելու մասին։ 
Փաստաբանի և դատարանի հարաբերություններից մտահոգություն հայտնեց Արմեն Գևորգյանը՝ նկատելով, որ սա սովորական գործ չէ, սակայն հանրության մի հատվածի համար այն ընկալվելու է որպես քաղաքական, գործով անցնում են քաղաքական գործիչներ, ինչպես ցանկանում են՝ մեկնաբանեն, փաթեթավորեն, բայց դա օբյեկտիվ, բոլոր ընթացակարգերով ընթացող գործ չէ։

 «Առնվազն այստեղ նստածներից 3-ը քաղաքական գործիչներ են, իսկ պարոն Խաչատուրովն էլ պետական բարձրաստիճան պաշտոնյա  է եղել։  Նախորդ նիստին էլ ասացի, որ ԵԽԽՎ-ի  3 բանաձևերով, որոնք վերաբերում են այս գործին, արձանագրվում է, որ պետությունը, ի դեմս՝ կառավարության, պետք է ամեն ինչ գործադրի, որ քաղաքական կոմպոնենտ պարունակող բոլոր հետապնդումները բացառվեն և կենտրոնանան 10 զոհերի հանգամանքի վրա։ Սակայն, վերջին տարիներին մենք մի քաղաքական հոդվածը փոխարինում ենք մեկ այլ քաղաքական հոդվածով»։
Գևորգյանը շեշտեց՝ ողջամիտ կասկած ունի, որ հունվարից գործն արագացնելը կամ շաբաթը մեկ նիստ անելն ունի քաղաքական դրդապատճառ և այն պայմանավորված է խորհրդարանական ընտրություններով. «Իմ խորին համոզմամբ՝ սա արվում է, որ հունիսին ընտրությունների ժամանակ ապահովեն քաղաքական տեսարաններ»։

Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ իբրև սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ ՍԴ-ի կողմից՝ 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ․) 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով, թեև դատախազները պահանջում էին վերաորակել արարքը։ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը:

ՍԴ-ն որոշել է մասնակի բավարարել դիմումը՝ նշելով, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը։

Նմանատիպ նյութեր