211652_close_icon

Եթե այստեղ ես, դուրս արի. Արման Ծառուկյանը Դեն Հուկերին հաղթելուց հետո դիմել է գործող չեմպիոն Թոփուրիային

views-count835 դիտում article-date 09:59 23-11-2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում Դեն Հուկերին խեղդող հնարքով հաղթելուց հետո դիմել է նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիային։

«Շատ շնորհակալ եմ Կատարին և UFC-ին այս հնարավորության համար։ Շնորհակալություն բոլոր երկրպագուներին, ովքեր եկել էին աջակցելու ինձ։ Այստեղ մենամարտելը մեծ պատիվ է։ Շնորհակալություն Դենին. նրա շնորհիվ ես այս տարի մենամարտ ունեցա։ Ոչ ոք չկար։

Կա միայն մեկ հավակնորդ… Իլիա, որտե՞ղ ես, եթե այստեղ ես, դուրս արի։ Մի՛ անցկացրու հեշտ մենամարտեր։ Արի՛ մրցիր ինձ հետ։ Ես պետք է պայքարեմ չեմպիոնական գոտու համար։ Հունվարի վերջին պատրաստ կլինեմ, ուղարկե՛ք պայմանագիրը։

Դենը լավ մրցակից է՝ ուժեղ հարվածային տեխնիկայով, բայց ես այդ ամենին հանգիստ դիմակայեցի։ Իմ հարվածային տեխնիկան և ըմբշամարտը այլ մակարդակի վրա են։ Ես հաստատ կդառնամ չեմպիոն և կգերազանցեմ UFC-ի բոլոր ռեկորդները։ Ես շատ ջանասիրաբար եմ աշխատում և մարզվում։ Ամբողջ կյանքս նվիրել եմ սրան։ Շուտով ամեն ինչ իր պտուղները կտա», - ասել է Արման Ծառուկյանը մենամարտից հետո։

Հիշեցնենք, որ առաջին ռաունդն անցավ Արմանի ընդգծված առավելությամբ, իսկ երկրորդում Ծառուկյանը բազմաթիվ հարվածներ հասցրեց նորզելանդացու գլխին, ինչից հետո խեղդող հնարքով հասավ հաղթանակի։

Աղբյուրը՝ Armsport
 

Նմանատիպ նյութեր