211652_close_icon

Գյումրիի քաղաքապետարանի ավագանուց մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու դիմումներ են ստացվել. թիվ 31 ԸԸՀ

views-count1051 դիտում article-date 11:03 19-11-2025
Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավագանու մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու դիմումներ է ստացել: Մանդատներից հրաժարվելու և դրանց փոխարեն նորը տրամադրելու գործընթացը սկսվել է Գյումրիի քաղաքապետարանում հոկտեմբերի 20-ին իրականացված հատուկ գործողություններից հետո։

Կալանավորումների պատճառով խախտվել է «Կոմունիստական կուսակցության» խմբակցության ավագանու կազմը։ Այժմ փաստացի ավագանու աշխատանքում լիարժեքություն չկա։

Մանդատների խնդիր է առաջ եկել ոչ միայն «Կոմունիստական կուսակցության»-ում, այլ նաև «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքում։

Կալանավայրում գտնվելու պատճառով նախ մանդատներից հրաժարվեցին «Կոմունիստական կուսակցության» Գևորգ Ղուկասյանը և Սեդրակ Խաչատրյանը, իսկ նրանց փոխարինեցին նույն կուսակցությունից ցուցակի հաջորդ համարները՝ Տիգրան Ավագյանը և Սամսոն Էլբակյանը։ Սակայն, դեռ մանդատը չվերցրած Տիգրան Ավագյանը ևս կալանավորվեց և կալանավայրից ներկայացրեց մանդատը վայր դնելու մասին դիմում։

«Արձանագրություն է ուղարկվել համայնքապետարան այն մասին, որ Տիգրան Ավագյանը վայր է դրել մանդատը։ Համայնքապետարանը արձանագրությունն ուղարկել է  հանձնաժողով»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ նշեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ Տիգրան Ավագյանի մանդատը հանձնվելու է «Կոմունիստական կուսակցության» ընտրացուցակի հաջորդ համարին՝ Արտյոմ Մկրտչյանին, ով այս պահին զբաղեցնում է համայնքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնը, սակայն ՏԻՄ օրենքը թույլ չի տալիս համատեղել այդ պաշտոնը մանդատի հետ, ընտրության որոշման համար կա մեկ ամիս ժամանակ։

Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև Գնել Մանուկյանը, որի հարցը կքննարկվի հաջորդ արտահերթ նիստում։ Այդ նիստում կքննարկվի նաև «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյանի ինքնաբացարկի դիմումը. նա ևս ներկայացրել էր մանդատից հրաժարվելու դիմում։ Այդ խմբակցության հաջորդ համարը՝ Հասմիկ Խաչատրյանը, նույնպես ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ Ավագանու անդամի մանդատը հանձնաժողովը փոխանցելու է դաշինքի ընտրացուցակի 10-րդ համարին՝ Արտակ Հովսեփյանին։

Քվորում ապահովելու համար ընդդիմությանն անհրաժեշտ է 17 մանդատ։ Ավագանու մեկ նիստ արդեն չի կայացել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ավագանու նիստին չներկայանալու պատճառով։ Ըստ օրենքի՝ եթե ավագանին երեք ամիս նիստ չգումարի, այն կլուծարվի և կնշանակվեն նոր ընտրություններ։

Նմանատիպ նյութեր