211652_close_icon

Փրկարարների վերապատրաստման դասընթացներ՝ Տավուշի և Սյունիքի մարզերում

views-count787 դիտում article-date 21:10 18-11-2025
Արտակարգ իրավիճակներին արդյունավետ և արագ արձագանքելու կարողությունների զարգացումը ՆԳՆ Փրկարար ծառայության առաջնահերթություններից է։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու նպատակով Տավուշի և Սյունիքի մարզերում համապատասխանաբար նոյեմբերի 3-5-ը և նոյեմբերի 12-15-ը ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի մասնագետներն անցկացրել են «Ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին առաջին արձագանքողների համար» մասնագիտական վերապատրաստման ուսումնական դասընթացներ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

«Ուսուցման տեսական և գործնական փուլերում ներգրավվել են Իջևանի և Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատների ճառագայթային, քիմիական և կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակներին արձագանքող մասնագիտացված խմբերի կազմի մեջ գտնվող 34 փրկարարներ։
Վերապատրաստման ծրագրի առաջնային խնդիրներն էին զարգացնել Իջևանի և Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատների հատուկ մասնագիտացված խմբերի պրոֆեսիոնալ հմտությունները, գործնական փորձը և անվտանգ աշխատանքի սկզբունքների կիրառումը արտակարգ պայմաններում, ինչը թույլ կտա ամրապնդել մարզերի փրկարարական ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը և արձագանքման արդյունավետությունը՝ բնակչության պաշտպանվածության ապահովման և արտակարգ իրավիճակներին կազմակերպված ու արդյունավետ արձագանքի համար։

Ուսուցման արդյունավետությունը ապահովելու և ներուժը զարգացնելու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակի քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության համագործակցության ծրագրի շրջանակներում վերապատրաստված հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներին հատկացվել են ժամանակակից գույք և սարքավորումներ։

Փրկարար ծառայությունը հետագայում նույնպես կշարունակի իրականացնել միջոցառումներ առաջին արձագանքողների մասնագիտական հմտությունների բարձրացման և տեխնիկական պատրաստվածության ուժեղացման ուղղությամբ՝ հանրային անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակներին օպերատիվ ու համակարգված արձագանքման նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր