211652_close_icon

Բյուրեղավան քաղաքի մի ամբողջ թաղամասում փոշին ու կեղտը բնակիչների համար առողջական խնդիրների պատճառ է դարձել․ բնակիչները ուզում են, որ Բյուրեղավանի քաղաքապետը Աբովյանի քաղաքապետի կամ Արզնիի համայնքապետի նման աշխատի ու շենացնի քաղաքը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2641 դիտում article-date 19:53 08-10-2025
Այն, որ Կոտայքի մարզում կան բնակավայրեր, որտեղ վերջին տարիներին հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ՀՀ կառավարության, Կոտայքի մարզպետարանի և վարչական շրջանների ղեկավարների կողմից, գաղտնիք չէ։ Անզեն աչքով էլ քաղաքացիները տեսնում են կատարվող աշխատանքների դրական արդյունքը։

Այս օրերին Աբովյան քաղաքում քաղաքապետ Էդուարդ Բաբայանի և իր թիմի ակտիվ գործունեության շնորհիվ հսկայական աշխատանքներ են կատարվում «Վեոլիա Ջուր»-ի հետ համագործակցության արդյունքում հին ջրագծերը փոխելու, նորերը կառուցելու և հետագայում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։

Մարզի մեկ այլ՝ Արզնի բնակավայրում, համայնքապետ Ֆելիքս Միրզոևի և նրա թիմի կողմից՝ ՀՀ կառավարության և Կոտայքի մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում, Արզնի համայնքը օր օրի ավելի է դառնում գեղատեսիլ։ Մի քանի շաբաթ է՝ համայնքում վարչական շրջանի ղեկավար Ֆ. Միրզոևի գլխավորությամբ կյանքում ասֆալտի երես չտեսած փողոցներ հիմնովին ասֆալտապատվում են, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Առաջիկայում Արզնի համայնքում լինելու է ծառատունկ։

Եթե Աբովյան քաղաքի և Արզնի համայնքի բնակիչները իրոք շահել են, որ ունեն նման ղեկավարներ, ապա նույնը չես ասի Բյուրեղավան քաղաքի մասին։

Եթե շրջես Բյուրեղավանով, ապա բնակիչներն այնքան խնդիրներ կմատնանշեն, որ կուզես գլուխդ բռնես ու փախչես։

Շաբաթներ շարունակ Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի բազմահարկ բնակելի շենքերի, առևտրի և սննդի կենտրոնների, գեղեցկության սրահների տարածքում գրավող դիրք է բռնել կեղտն ու փոշին։ Մեկ ամսից ավելի է, որ Բյուրեղավանի քաղաքապետարանը ավարտին չի հասցնում այդ հատվածում բազալտե եզրաքարերը նորով փոխարինելու և ասֆալտապատում կատարելու գործը։

Երբ շաբաթներ առաջ շինարարները մտան Զորավար Անդրանիկի թաղամաս, բնակիչները այնքան էին ոգևորվել ու ուրախացել, որ ասում էին՝ «վերջապես մեր թաղում էլ գարուն եկավ»։

Բայց ի՞նչ իմանային, որ Բյուրեղավանի քաղաքապետարանը էլ ավելի կավիրեր թաղամասի բակային հատվածները, ինչի համար էլ մարդիկ ասում էին․ «ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցին»։ Չեն էլ ուզում կիսատ թողած գործը ավարտին հասցնել։

Քանի անգամ բնակիչները, հիմնականում մեծահասակները, հրաշքով են փրկվել էդ անտեր փոսերի մեջ հայտնվելուց։

Մնում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին խնդրենք, որ էս մեր Բյուրեղավանը միացնի կամ Աբովյանին, կամ Արզնիին։ Այդ դեպքում երևի թե ամբողջ քաղաքը փրկեն մարդաբոյ փոսերից, կեղտից ու փոշուց։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր