211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում բախվել են խնձորով բարձված «Ford Transit»-ն ու մեկ այլ բեռնատար. կա վիրավոր, «Ford»-ը վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2188 դիտում article-date 10:50 04-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:30-ի սահմաններում Երևան - Մեղրի ավտոճանապարհի Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford Transit»-ն ու բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Սահակ Թադևոսյանի և վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ հերթափոխի պետ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աննա Հակոբյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Փրկարարները ավտոեմնենքրեը տեղափոխելուց հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը «Ford»-ի վարորդն է, իսկ ավտոմեքենան բարձված է եղել խնձորով։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր