211652_close_icon

Դանիայում և Գերմանիայում միջադեպերից հետո Բելգիայի ռազմական բազայի վերևում ԱԹՍ-ներ են նկատվել

views-count517 դիտում article-date 21:55 03-10-2025
Հոկտեմբերի 3-ի գիշերը Բելգիայի արևելքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնվել, հաղորդում է բելգիական VRT NWS հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին: Ըստ հեռուստաալիքի ռազմական վերլուծաբան Յենս Ֆրանսենի՝ Էլզենբոռնի ռազմական բազայի վերևում նկատվել է 15 անօդաչու թռչող սարք, որոնք թռչում էին օբյեկտի վրայով և այնուհետև անցնում Գերմանիայի տարածք: Գերմանիայի Դյուրեն քաղաքի ոստիկանությունը հայտնել է անհայտ անօդաչու թռչող սարքերի մասին: Բելգիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսել է միջադեպի հետաքննությունը, սակայն դեռևս չեն կարող ասել, թե որտեղից են եկել անօդաչու թռչող սարքերը կամ ով է դրանք կառավարել:

28 քառակուսի կիլոմետր վրա տարածված Էլզենբորնի ռազմական բազան ուսումնական ճամբար է, որտեղ, ի թիվս այլ բաների, տեղի են ունենում նշանաձգության մարզական պարապմունքներ և անօդաչու թռչող սարքերի փորձարկումներ, նշում է VRT-ն: «[Ռուսաստանի մասնակցությունն այս սադրանքին] պետք է հետաքննվի: Անձամբ ես կարծում եմ, որ անօդաչու թռչող սարքերը հիբրիդային սպառնալիքի օրինակ են։ Դրանք անկարգություններ սերմանելու միջոց են։ Ռուսաստանը տարիներ շարունակ օգտագործում է այս մարտավարությունը»,- ասել է Ֆրանսենը՝ շեշտելով, որ անօդաչու թռչող սարքերի արձակմանը Մոսկվայի մասնակցության վերաբերյալ դեռևս հստակ ապացույցներ չկան։

Մի շարք եվրոպական երկրների իշխանություններն արդեն մի քանի շաբաթ շարունակ անընդհատ հաղորդում են իրենց օդային տարածք ներխուժումների մասին, ենթադրաբար՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Նորվեգիայի, Գերմանիայի և Դանիայի խոշոր օդանավակայանների գործունեությունը անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով մի քանի անգամ դադարեցվել է։

Նմանատիպ նյութեր