211652_close_icon

ՄԱԿ ամբիոնից Փաշինյանի ելույթը հիշեցնում էր ոչ թե պետության ղեկավարի, այլ չինովնիկի ելույթ. Հակոբ Բադալյան

views-count367 դիտում article-date 16:02 28-09-2025
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Ընդհանրապես, ՄԱԿ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթը հիշեցնում էր ոչ թե պետության ղեկավարի, պետության քաղաքական առաջին դեմքի, այլ մի չինովնիկի ելույթ, որը զեկուցում է իր կատարած աշխատանքի մասին:

Ընդ որում, հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ ներկայացնում էր իր խոսքը՝ «զեկուցում է» խաղաղության մասին, եւ հույս ունի հաջորդ տարի «զեկուցել» ավելին:

Սրանք լոկ ոճական հանգամանքներ չէին, այլ հոգեբանական, որ արտացոլում են Նիկոլ Փաշինյանի դրությունն ու իրերի դրության հանդեպ նրա դիրքավորումը:

Մինչդեռ առաջանում է մի պարզ հարց՝ եթե հաստատված է խաղաղություն, ինչպես պնդում է պաշտոնական Երեւանը, ի՞նչ կարիք կա ՄԱԿ ամբիոնից մի ամբողջ ելույթ նվիրել հաստատված խաղաղությանը: Ընդ որում, դա այն դեպքում, երբ նրանք, ում Հարավային Կովկասը հետաքրքրում է էապես, թերեւս հենց Փաշինյանից ավելի լավ գիտեն՝ խաղաղություն հաստատվա՞ծ է, թե՞ ոչ: Ես նկատի ունեմ այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնց համար Կովկասը ներկայացնում է գործնական հետաքրքրություն:

Ավելին, եթե կա հատատված խաղաղություն, ապա այդ պարագայում առաջանում է հարց՝ իսկ Հայաստանը միջազգային հանրությանը, համաշխարհային քաղաքականությանը ի՞նչ ասելիք ունի այդ նոր իրողությունների պայմաններում, ի՞նչ ուղենիշներ ունի հայկական պետականությունը: Պարզվում է, որ խաղաղության մասին հայտարարություններից զատ՝ ոչ մի այլ ասելիք: Կարեւորագույն աշխարհաքաղաքական օրակարգերին առնչվող հարցերը Նիկոլ Փաշինյանի ելույթում արտահայտվում էին ընդամենը մեկ-երկու նախադասությամբ:

Իսկ դրա պատճառը թերեւս հենց այն է, որ Փաշինյանը գործընթացում իրեն դիրքավորում է հենց իբրեւ չինովնիկ, այլ կերպ ասած՝ կատարող սուբյեկտ, որը ձեռնպահ է մնում սեփական բովանդակությունից եւ գերազանցապես կենտրոնանում է գոյություն ունեցող բովանդակությունների միջեւ իր համար հնարավորինս ապահով տեղավորվելու խնդրի վրա:

Ինքնին հասկանալի է, որ Հայաստանը չի կարող պրոցեսներին մասնակցել հավասար նախաձեռնողականությամբ, ինչպես խոշոր տերությունները: Սակայն, այդուհանդերձ, սուբյեկտությունը կարող է ունենալ ամենատարբեր աստիճաններ: Առանցքայինն այն է, որ այն ունենա հատկանիշ, այսինքն արտահայտված լինի բովանդակությամբ:

 

Նմանատիպ նյութեր