211652_close_icon

Մեկնարկում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը

views-count625 դիտում article-date 22:38 08-09-2025
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին։ Այս տոնական համերգաշրջանը կներկայանա բացառիկ համերգներով և նախագծերով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, այն կմեկնարկի «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնով, որի ընթացքում դասական երաժշտության սիրահարներին կներկայացվի սիմֆոնիկ համերգների շարք։ Երաժշտական այս տոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

«Արմենիա» փառատոնի առաջին համերգի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու Արամ Խաչատրյանի փառահեղ Ջութակի կոնցերտը` ջութակահար Դարիուս Պրոյսի մենակատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, ինչպես նաև՝ Խաչատրյանի այլ ստեղծագործություններ։ Կհնչեն նաև անվանի հայ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները։

Ըստ աղբյուրի՝ փառատոնային երեկոների ընթացքում կներկայացվեն նաև հայ, ռուս, եվրոպացի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ։ 

Համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայանա ունկնդիրների կողմից շատ սիրված իր ավանդական փառատոներով։

Նշվում է, որ նախատեսված են նոր ձայնագրությունների թողարկումներ և նոր հետաքրքիր համագործակցություններ, համերգային հյուրախաղեր։ Մասնավորապես, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական՝ 20-րդ համերգաշրջանը կնշանավորվի  Գերմանիայում աննախադեպ շրջագայությամբ։ Նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 2-ը, Գերմանիայի 15 քաղաքների հայտնի համերգասրահների հրավերով, նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հանդես կգա անվանի արտիստների հետ՝ ներկայացնելով հայ կատարողական և կոմպոզիտորական արվեստն ու դասական երաժշտության գլուխգործոցները։

Նմանատիպ նյութեր