211652_close_icon

Մոտ 90 երկիր մաքսատուրքերի պատճառով դադարեցրել է փոստային ծառայություններն ԱՄՆ-ում

views-count508 դիտում article-date 22:02 06-09-2025
Միացյալ Նահանգներում փոստային շրջանառությունը նվազել է ավելի քան 80 տոկոսով՝ Վաշինգտոնի կողմից նոր սակագների սահմանումից ի վեր, և ամբողջ աշխարհում 88 օպերատորներ կասեցրել են իրենց ծառայությունները ամբողջությամբ կամ մասամբ, շաբաթ օրը հայտարարել է Համաշխարհային փոստային միությունը (ՀՓՄ):

ՄԱԿ-ի փոստային համագործակցության գործակալությունը՝ ՀՓՄ-ն, աշխատում է «արագ մշակել նոր տեխնիկական լուծում՝ Միացյալ Նահանգներ փոստային առաքումը վերսկսելուն նպաստելու համար», - հայտարարության մեջ ասել է դրա գլխավոր տնօրեն Մասահիկո Մետոկին:

«Բացի այդ, 88 ​​փոստային օպերատորներ ՀՓՄ-ին տեղեկացրել են, որ կասեցրել են Միացյալ Նահանգներ փոստային ծառայությունների մի մասը կամ բոլորը՝ մինչև լուծում գտնվի», - ասվում է հայտարարության մեջ:

Նրանց թվում են Գերմանիայի «Դոյչե Փոստ»-ը, Մեծ Բրիտանիայի «Ռոյալ Փոստ»-ը և Բոսնիա և Հերցեգովինայի երկու օպերատորներ:

ՀՓՄ-ն հայտարարել է, որ իր էլեկտրոնային ցանցի միջոցով փոստային օպերատորների կողմից
փոխանակված տվյալները ցույց են տվել, որ օգոստոսի 29-ին Միացյալ Նահանգներ շրջանառությունը նվազել է 81 տոկոսով՝ նախորդ շաբաթվա համեմատ, հաղորդում է AFP-ն:
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում գտնվող ՀՓՄ-ն հիմնադրվել է 1874 թվականին և ունի 192 անդամ պետություն: Այն սահմանում է միջազգային փոստային փոխանակման կանոններ և առաջարկություններ է անում ծառայությունների բարելավման համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հուլիսի վերջին հայտարարեց, որ օգոստոսի 29-ից կդադարեցնի ԱՄՆ մտնող փոքր ծանրոցների համար հարկային արտոնությունները։ Այս քայլը հանգեցրեց փոստային ծառայությունների, այդ թվում՝ Ավստրալիայի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Իտալիայի և Ճապոնիայի, հայտարարությունների մի ամբողջ շարքի, որ ԱՄՆ ուղարկվող ծանրոցների մեծ մասը այլևս չի ընդունվի։

Նմանատիպ նյութեր