211652_close_icon

Սգից դառնացած մարդն ապրում էր իր կnրուսյալ զավակների՝ Սասունի, Վանի, Արարատի կարոտով ու հաճախ չէր էլ նկատում Սևանի գոյությունը. Փաշինյանի նոր ստեղծագործությունը

views-count2596 դիտում article-date 17:20 04-08-2025
Հայաստանի Հանրապետության հարաբերությունները ունեն որոշակի նրբություններ և առանձնահատկություններ, որոնց մենք անհրաժեշտ է, որ անդրադառնանք, անհրաժեշտ է, որ խոսենք, բայց մենք, ցավոք դա կամ ընդհանրապես չենք անում, կամ չենք անում բավարար չափով: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթական բանախոսության ժամանակ:

Վարչապետը նշել է, որ այդ հարաբերությունների նրբությունն արտահայտելու համար, օգտվելով Նոր կտակարանի առակների ժանրից՝ մի տեքստ է գրել, որը ժողովուրդը շարունակում է ունենալ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում։ 

Փաշինյանի հեղինակած ստեղծագործությունը՝ ստորև:

«Մի մարդ չորս զավակ ուներ, որոնցից ավագը՝ Սասունը, սպանության զոհ դարձավ, Վանը մահացավ հիվանդությունից, Արարատը դժբախտ պատահարի զոհ գնաց: Մարդը սգում էր իր զավակների կորուստը և չէր ուզում մխիթարվել: Տունը, որտեղ ապրում էր իր չորրորդ որդու՝ Սևանի հետ, պարուրված էր Սասունի, Վանի, Արարատի բազմաթիվ նկարներով, նրանց մասին բազում հիշողություններով։ Սգից դառնացած մարդը ապրում էր իր կորուսյալ զավակների կարոտով ու հաճախ չէր էլ նկատում Սևանի գոյությունը: Դառնության պահին հայրը Սևանին երեսով էր տալիս. եթե Վանս կողքս լիներ, ապրելս իմաստ կունենար: Սկզբունքորեն այս նախադասությունը հասկանալի նախադասություն է, որովհետև երբ որ ասում ենք՝ եթե Վանս կողքս լիներ, ապրելս իմաստ կունենար, այս նախադասության հետ կոնֆլիկտ չկա, կոնֆլիկտը սրա մեջ չէ, այլ նրա մեջ է, ինչը չի ասվում, բայց հնչում է, իսկ հնչում է հետևյալը, որ Սևա՛ն քո ներկայությունը և քո գոյությունը առանձնապես չի իմաստավորում իմ ապրելը: Եթե Արարատս ողջ լիներ՝ ես պատվի ու հարգանքի տեր կլինեի։ Այս նախադասության հետ մեծ կոնֆլիկտ չկա, կոնֆլիկտը իրականում ուրիշ տեղ է, կոնֆլիկտն այն նախադասության մեջ է, որը չի ասվում, բայց հնչում է, որն իրենով լցնում է տարածությունը, որ իհարկե Արարատը ողջ լիներ՝ պատվի հարգանքի տեր կլինեի, բայց ոնց որ թե զուգահեռ նաև ասում է, որ Սևանի գոյությունը առանձնապես ո՛չ պատվի, ո՛չ հարգանքի առիթ չէ: Եթե Սասունս կենդանի լիներ, ես երջանիկ կլինեի: Իհարկե՛ երջանիկ կլինեի, ոչ մի կասկած, ոչ մի հարց, բայց պրոբլեմը ոչ թե այս նախադասության մեջ է, այլ այն նախադասության մեջ, որը չի հնչում, բայց զրնգում է, որ ոնց որ թե քո գոյությունը՝ Սևա՛ն, առանձնապես երջանկության առիթ չէ և Սևանը իրեն զգում էր անկարևոր ու անկարող, անօգուտ և ավելորդ:

Սևանն իրական Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունը: Սասունը, Վանը, Արարատը՝ պատմական Հայաստանը, որը կորցրել ենք և որի կորուստը չենք կարողանում հաղթահարել, այն դարձնելով անտանելի բեռ Սևանի ուսերին, թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական առումով»:

Նմանատիպ նյութեր