211652_close_icon

Խմելու ջրի խնդիր՝ այս անգամ Զովունի բնակավայրում. հարյուրավոր բնակիչների ծորակներից մեկ ամիս է՝ ջրի փոխարեն օդ է «դուրս տալիս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count38971 դիտում article-date 12:02 02-08-2025
Վերջին ամիսներին հանրապետությունում չկա այնպիսի մարզ, բնակավայր, որտեղ բնակիչները խմելու ջրի խնդիր չունենան։ Կան բնակավայրեր, որտեղ ըստ բնակիչների՝ մեկ ամսից ավելի է «Վեոլիա ջուր» ընկերությունը ոչ կանոնավոր ռեժիմով է ջրամատակարարումը իրականացնում։

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Եղվարդ խոշորացված համայնքի Զովունի բնակավայրի 1-ին փողոցի բնակիչները հավաքվել ու անգամ քննարկում էին, թե ինչպես և ինչ քայլերի դիմեն, որ վերջապես «Վեոլիա ջուրը» գոնե օրը մի քանի ժամով իրենց խմելու ջուր հատկացնի։

Բնակիչներն ասում էին. «25 օր է՝ ջրի խնդիրը առաջացավ, օրը 30 րոպե, կամ ամենաշատը 1 ժամ եթե ջուր էին տալիս, էն էլ ծորակներից ոնց որ ծլծլալով գար, բայց վերջին մի քանի օրերի ընթացքում էդ ջրից էլ կտրվեցինք։

Դիմել ենք «Վեոլիա ջուր», դիմել ենք Զովունի վարչական շրջանի ղեկավարին, եթե վերջինը ինչ հնարավոր է, արել է, որպեսզի մեր խնդիրը կարգավորվի, ապա «Վեոլիա ջրից» պատասխանում են, թե մենք ջուրը տալիս ենք , խնդիր չէ։

Երևի էդ «Վեոլիա ջրի» որոշ աշխատակիցներ ճիշտ կանեն գան ու սեփական աչքով տեսնեն, որ իրենց ասածը իրականությունից մի քանի հազար կիլոմետր հեռու է։ Էնպես բան են ասում, որ հավատալու չէ, անգամ եփած հավի ծիծաղը կգա։

Կանոնավոր վճարումները կատարում ենք, նույնիսկ կան բնակիչներ, ովքեր կանխավճար են վճարում ու ոչ մի սպասարկում։ Հիմա ինչ, ձեր քայլը արդյոք մտնո՞ւմ է քաղաքակիրթ սպասարկման մեջ, մեր կարծիքով՝ ոչ, ու հարգելի՛ «Վեոլիա ջուր», ստիպում եք, որպեսզի մարդիկ դիմեն ամենակտրուկ միջոցներին։

Պետությունը ասում է, թե պետականանցնելու են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, բայց առաջին հերթին «Վեոլիա ջրի» ոչ որակյալ սպասարկման պատճառով հենց այդ ընկերությունը պետք է պետականացվի։ Ամոթն էլ է լավ բան, այս շոգին, տապին աշխատանքից գալիս ենք տուն, որ գոնե առաջին իսկ վայրկյանին «ցայվենք», էլ չենք ասում էնքան երեխաներ կան, այդ թվում նորածիններ, որոնց հիգիենան պահելու համար խանութներից խմելու ջուր ենք առնում։ Այսքանից հետո գոնե մի քիչ ցուցաբերեք ձեր սպառողի նկատմամբ հոգատարություն, ու էլի համաձայն ենք, որ ջուրը գոնե մի 7 ժամ ստանանք օրվա ընթացքում»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր