211652_close_icon
views-count38638 դիտում article-date 14:06 01-01-2025

Ողբերգական դեպք՝ Հայանիստ գյուղում. տանն առաջացած կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մարմին. կան վիրավորներ. ժամանել են մարզի քրեական ոստիկանության և քննչական վարչության պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայանիստ բնակավայրում տուն է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Արարատի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյան գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Հայանիստ գյուղում այրվում է 1-հարկանի տուն և ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ։

Դեպքի վայր են ժամանում Արտաշատի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ՝ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Բագրատ Դանիելյանի և խմբի պետ Ֆելիքս Վահանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ տեսուչ Գևորգ Մարգարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ օրվա պատասխանատու հերթապահի, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի և 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Պետրոսյանն ու Ֆրունզ Հովհաննիսյանը։

Ոստիկաններն ու պարեկները տեղեկություններ են ստացել, որ նշված վայրից Մասիսի հիվանդանոց են հոսպիտալացվել 2 քաղաքացիներ՝ կին և աղջիկ։

Հրշեջներն էլ, մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, անզգուշություն, թե սպանություն՝ պարզվում է։ Ինչպես նաեւ ճշտվում են տան սեփականատիրոջ, հիվանդանոց տեղափոխվածների և մահացածի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյան

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր