211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Ճամբարակում բնակելի շենքում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել. կա 1 զոհ, 10 վիրավոր, 4 անհետ կորած. ժամանել է Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count97944 դիտում article-date 09:53 11-06-2025
Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 4-րդ շենքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:
 
Պարզվել է, որ նշված շենքի հարկերից մեկում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ կա մոտ 10 վիրավոր և 4 անհետ կորած: 
 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել Ճամբարակի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու փրկարարները: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտայի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Հրաչյա Գևորգյանի և Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2-րդ խումբը՝ կինոլոգներով: 
 
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննական խումբը՝ վարչության պետ Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արամ Աբրահամյանի, Վանիկ Վարդանյանի, Դավիթ Զիրոյանի, Նվեր Մկոյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին տեղեկանալով՝ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարականով՝ ժամանել են մարզպետարանի ներկայացուցիչները, տեղում է նաև Ճամբարակի քաղաքապետը: 

Դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի քրեական վարչության պետը: 
 
Այս պաին ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի, վիրավորների և անհետ կորածների ինքնությունը, ինչպես նաև՝ որ բնակարանում է տեղի ունեցել պայթյունը և փլուզումը: 

10:25

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարաները փլատակների տակից դուրս բերեցին ևս մեկ դի: 

11:25


Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ու Ճամբարակի փրկարարները 2-րդ հարկում հայտնաբերեցին ևս մեկ մահացածի:

14:50

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարները փլատակներում հայտնաբերեցին ևս մեկ՝ տղամարդու դի: 


Փրկարարական աշխատանքներին են միացել նաև Սևանի և Շամշադինի հրշեջ-փրկարարական ջոկատներից ժամանած 20-ից ավելի փրկարարներ:  

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1002+
1002+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր