211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ վիճակը գնահատվում է ծանր

views-count49163 դիտում article-date 09:33 28-05-2025
Երեկ՝ մայիսի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել և ներսում երեխա է եղել, ում տեղափոխել են հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 11։20-ի սահմաններում Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակարանում «ջերմային այրվածք կոնտակտային այրվածք բոցով 1,2,3,4 աստիճանի» ախտորոշմամբ «Այրվածքաբանության Ազգային Կենտրոն» բուժօգնության են տեղափոխել մինչև 1 տարեկան աղջիկ երեխայի, առողջական վիճակը՝ ծանր։

Դեպքի վայր է մեկնել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, ովքեր նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։

Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվում է, որ ժամը 10։45-ից մինչև 11։10-ն ընկած ժամանակահատվածում Ազատության պողոտա նշված շենքի բնակարանի ննջասենյակում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնվել, որի ժամանակ ննջասենյակում է գտվելիս եղել 5 ամսական Ս․ Կ․-ն, որտեղից էլ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր