211652_close_icon
views-count1495 դիտում article-date 14:37 14-04-2025

Արցախի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը՝ իր տներով, փողոցներով, պատմական շերտերով, գրեթե հիմնովին nչնչացվել է. Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Ժամանակավորապես բռնազավթված Արցախի տարածքում «Ադրբեջանի Հանրապետության» կողմից վարվող պետական մակարդակի նպատակաուղղված և համակարգված քաղաքականությունը աճում է եկրաչափական պրոգրեսիայով։ Ծանր շինարարական և ռազմական տեխնիկայի կիրառմամբ օրեցօր ընդլայնվում են հայաթափված բնակավայրերի և թաղամասերի լիակատար ավերման ծավալները։ Այս քաղաքականության հիմնական նպատակն է՝ ոչ թե պարզապես վերացնել հայ բնակչության ֆիզիկական ներկայությունը, այլ ամբողջությամբ ջնջել նրա նյութական, մշակութային և պատմական ժառանգության հետքերը՝ Արցախը վերաձևելով որպես «ազատագրված» տարածք ադրբեջանական նարատիվի համաձայն։ Այս մասին ֆեսյոբքւյան իր էջում գրել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը:

«Սույն քաղաքականության հերթական զոհն է դարձել Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը։ Արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ գյուղը, որը բռնազավթվել էր թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի կողմից 2020 թ․ սանձազերծած պատերազմի ընթացքում, 2021 և 2024 թվականների տվյալներով կրում էր լայնածավալ ավերածություններ, իսկ 2025 թ․ արբանյակային պատկերները վկայում են ամբողջական և համակարգված ավերման մասին։ Սարգսաշենը՝ իր տներով, փողոցներով, պատմական շերտերով, գրեթե հիմնովին ոչնչացվել է։

Սա մեկ օրինակ է Արցախի տարածքում իրականացվող պետական վանդալիզմի ընդհանուր ռազմավարությունից։ Տասնյակ գյուղեր և քաղաքներ կամ ամբողջությամբ, կամ` մասնակիորեն վերացվել են՝ նպատակ ունենալով մշակութային, պատմական և քաղաքակրթական ժառանգության լիակատար ջնջում։ Այդ վայրերի թվում են՝ Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր, Թաղուտ-Թաղոտ, Առաքել համայնքն իր Ձորագյուղով։ Այս բոլոր բնակավայրերը ոչ միայն ֆիզիկապես են ոչնչացվում, այլ ջնջվում են նաև որպես մշակութային հիշողության կրողներ։

Այստեղ այլևս կասկածի տեղիք, որևէ եզր չկա. Արցախում կատարվում է ոչ միայն 21-րդ դարի, այլև մարդկության պատմության ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը։ Խոսքը զուտ մարդկային զոհերի կամ պատերազմի ավերածությունների մասին չէ։ Խոսքը համակարգված, ծրագրավորված մշակութային ու քաղաքակրթական վերացման մասին է, որը պետք է դիտարկվի որպես միջազգային իրավունքի խախտում և արժանանա համաշխարհային հանրության կոշտ արձագանքին»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր