211652_close_icon

Ավտովթար՝ Լոռու մարզում․ Ամրակից գյուղում բախվել են «Opel Astra»-ն, «Volkswagen Vento»-ն և «Opel Vectra»-ն, վերջինը հայտնվել է մայթին․ կա 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count13345 դիտում article-date 19:28 09-03-2025
Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, Ամրակից գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel Astra», «Volkswagen Vento» և «Opel Vectra»  մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն ժամանած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Մխիթարյանի և դասակի հրամանատար Սերգեյ Համբարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել ավագ պարեկներ Դավիթ Հարությունյանը, Աշոտ Խալաթյանը, կրտսեր պարեկներ Սուրեն Հովհաննիսյանը, Հայկ Նահապետյան,  Ժորա Շահբազյանը և Գագիկ Մարտինյանը։

Պարեկների մեծ թվով ժամանման պատճառը կայանում է նրանում, որ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին և ստեղծել արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ հետո երթևեկությունը կարգավորվեց։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Ստեփանավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր