211652_close_icon
views-count1900 դիտում article-date 19:45 23-02-2025

Սա բնությանը, կենդանիներին օգտակար լինելու իմ փիլիսոփայությունն է. հացդ կիսիր բնության հետ՝ որպես շնորհակալություն և աստվածահաճո արարք․ Առլեն Շահվերդյան

ՈՒ ՄՏԱԾՈՒՄ ԵՍ... / «ԱՅՍ ԳԻՇԵՐ ԷԼ ՄԻ ԸՆՏԱՆԻՔ ՉԻ ՔՆԻ ՍՈՎԱԾ»

Ձմռանը, հատկապես` խիստ սառնաշունչ օրերին, ես պատուհանից միշտ կերակրում եմ քաղաքային կամ ինչպես գիտականորեն են անվանում՝ տնային ճնճղուկներին (Passer domesticus): Քաղաքաբնակ փոքրիկ թռչնակներ, որ իրենց զվարթ ներկայությամբ միշտ մեզ հետ են, մեր կողքին, մեր շուրջը: Սովորաբար կերակրում եմ նրանց ցորենի հատիկներով կամ տանը եղած հացով, որ անհագուրդ ու խենթ հրմշտոցի մեջ շատ արագորեն վերածվում է փշրանքների: Վիթխարի երջանկություն և խաղաղություն եմ ապրում՝ կերակրելով նրանց: 

Ուշադիր աչքը կնկատի, որ կերակրվելիս նրանք ամենը չէ, որ տեղում են ուտում: Այո, ինչ հասցնեն՝ ուտում են տեղում, սակայն նաև մի փոքրիկ կտոր սովորաբար փորձում են կորզել ու թռչել տանել հետները: Եվ ահա, հետևելով, թե ինչպես են նրանք հացի փշրանքները տանում իրենց բները, ես միշտ մտածում եմ հետևյալը. 
- Այս գիշեր էլ մի ընտանիք չի քնի սոված: 

Սա բնությանը, կենդանիներին օգտակար լինելու իմ փիլիսոփայությունն է. հացդ կիսիր բնության հետ՝ որպես շնորհակալություն և աստվածահաճո արարք: Եթե անգամ սա փոքրիկ օգուտ է բնությանը, միևնույն է, ես միշտ ու անպայման գործադրում եմ այդ համեստ ջանքը, այդ «ոչ հերոսությունը»` աջակցելու համար ցրտից սառած էակներին: 

ՈՒ մտածում ես, որ կենդանիների և, ընդհանրապես, բնության հանդեպ հոգածությունը չպիտի լինի ժամանակ առ ժամանակ իրագործված արարքի տեսքով, այլ պիտի դառնա կենսակերպ: Օգնելով կենդանիներին՝ մի օր մոլորակը կդարձնենք այնպիսի վայր, որտեղ բոլոր արարածները, այդ թվում` մարդիկ, կապրեն սիրո, խաղաղության և ներդաշնակության մեջ:

Մարդիկ էլ են ճնճղուկների նման. կյանքի հորձանուտում ու եռուզեռում շփոթված ու «սառած», երբեմն մենք էլ ենք այնքան կարիք ունենում որևէ մի ջերմ վերաբերմունքի, մի տաք «հացի», մի ջերմ խոսքի, մի, թեկուզ փոքր, բայց հոգածության և ուշադրության մեր հանդեպ, որպեսզի էլի թևեր առնենք, ոգևորվենք ու նվաճենք նոր հորիզոններ: Այո, երբեմն խեղճանում ու փոքրանում, «սեղմվում ենք» ծիտիկի չափ ու ծիտիկի մեջ, և միակ ապավենը դառնում է մեզ սիրող ու մեր հանդեպ հոգ տանող մյուսի սիրտը, որը և՛ սեր է մեզ համար, և՛ ծածկոց՝ ձմռան ցրտին, և՛ հացի կտոր, որ մենք էլ «այդ գիշեր սոված չքնենք»:

Առլեն Շահվերդյան
23 փետրվարի, 2025 թ.
«ՈՒ մտածում ես...» շարքից:


Գրառման աղբյուրը՝ այստեղ

Նմանատիպ նյութեր