211652_close_icon
views-count2713 դիտում article-date 22:30 03-02-2025

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. ընտանիքի 4 անդամներ, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն.

Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:25-ի սահմաններում «Թալին» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ «այլ և չճշտված նյութերի տոքսիկ ազդեցություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 4 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ օրվա պատասխանատու, վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ տուժածները հիվանդանոց են տեղափոխվել Թալին քաղաքի Պարույր Սևակի փողոցի տներից մեկից։

Նրանք են Շիրակի մարզի բնակիչներ 32-ամյա Արմինե Բ.-ն, 8-ամյա Մանուշակ Դ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ 30-ամյա Զեփյուռ Բ.-ն և 8-ամյա Արտաշես Մ.-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս հնարավոր է՝ թունավորումը ստացած լինեն տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր