211652_close_icon
views-count739 դիտում article-date 11:25 31-01-2025

Ավարտվել է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալը տեղեկանալով, որ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից օգտագործված սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է վերջինիս և երկու այլ զինծառայողի մասնակցությամբ տեսանյութ, նվաստացրել է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը՝ վերջինիս նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք գումարտակի անձնակազմի ներկայությամբ:

Պարտադիր ժամկետային զինծառայողը գտնվելով ընկճված վիճակում, 2023 թվականի օգոստոսի 11-ին իրեն ամրացված ինքնաձիգով բերանի և քթի շրջանում արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառելով հրազենային մահացու վնասվածք՝ տեղում մահացել:

ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր