211652_close_icon
views-count994 դիտում article-date 12:52 25-01-2025

Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հունվարի 25-ին Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սեիդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փոխանցում է News.am-ը։

Տեղեկացվել է, որ հանդիպման ընթացքում «բողոք է արտահայտվել՝ կապված Ադրբեջանի եւ մեր երկրի ղեկավարության դեմ արշավի հետ, որը վերջերս բացահայտորեն տարվում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած իրանական լրատվամիջոցներում»։
«Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը ափսոսանք է հայտնել որոշ տհաճ հայտարարությունների եւ գործողությունների համար եւ խոստացել է հարցը ներկայացնել Իրանի իրավասու մարմիններին»,- նշվել է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ երեկ իրանական IRNA գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի ԱԳՆ։ Նրան բողոքի նոտա են հանձնել Ադրբեջանում իրանցի ուսանողների նկատմամբ «որոշ շրջանակների անբարոյական գործողությունների» առնչությամբ։

Պարբերականի տվյալներով՝ Իրանի արտգործնախարարության Եվրասիական գործերի վարչության ղեկավար Մուջթաբ Դեմիրչիլուն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նման քայլերն անվանել է «վնասակար» եւ պահանջել, որպեսզի «նման բացասական գործողությունների կազմակերպիչներն ու հեղինակները պատասխանատվության ենթարկվեն»։

Իրանցի պաշտոնյան նաեւ ընդգծել է կրոնական գործիչների հասցեին «ցանկացած վիրավորանքի դեմ վճռականորեն պայքարելու» անհրաժեշտությունը:

«Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ բացասական հայտարարությունների եւ գործողությունների առիթով եւ խոստացել իրավիճակի մասին տեղեկացնել իր երկրի իշխանություններին»։

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող վերջին օրերին արտաքսվել է երկրից «անբարոյական վարքագծի» համար։

Նմանատիպ նյութեր