211652_close_icon
views-count580 դիտում article-date 14:29 17-01-2025

Ադրբեջանը հայերին Բաքվում պահում է քաղաքական առևտրի համար, այդ ամենն արվում է ՄԱԿ-ի՝ Ադրբեջանին քաջալերող լռության ներքո. Լարիսա Ալավերդյան

ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ պետությունները, որոնք անդամ են ՄԱԿ-ին, ոչ թե կարող են, այլ պարտավոր են իրականացնել որոշ գործողություններ, որոնք անտեսվում են համակարգային ձևով. Ադրբեջանը հայ գերիներին պատանդ է պահում քաղաքական առևտրի համար, իսկ այդ ամենն արվում է ՄԱԿ-ի՝ Ադրբեջանին քաջալերող լռության ներքո։

 Այս մասին ՄԱԿ-ի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության դիմաց հայտարարեց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

Նշենք, որ ՄԱԿ-ի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա իրականացվեց ի պաշտպանություն Բաքվում ապօրինի պահող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, որոնց շինծու գործերով դատավարությունն է այսօր տեղի ունենալու:

«Ամո՛թ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը, որովհետև հենց այստեղ են իրենք տեսնում, թե ինչ է տեղի ունենում»,-ասաց նա։

Ալավերդյանը նկատեց, որ քաղաքական դիրքորոշումները կարող են լինել տարբեր: «Մի պետությունը կարող է պաշտպանել մեկ այլ պետության դիրքորոշումը, մյուս պետությունը՝ այլ։ Բայց մարդասիրական իրավունքը, միջազգային հումանիտար իրավունքը պարտադրում է բոլորին դադարեցնել, վերջ տալ լկտի  գործողություններին, որոնցով Ադրբեջանը ոչ միայն ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այլև հակադրում է իրեն։

Ցույց տվեք ՄԱԿ-ի ներկայացուցիչների մի որոշում, որով դուք ոչ միայն ընդունում եք ինչ-որ կոչեր, այլև որով հստակ կիրառում եք այս կամ այն պատժամիջոցները»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նույնացնում է ԼՂ Հանրապետության ազգային ազատագրական պայքարը, իր ինքորոշված լինելու պայքարը՝ տեռորիստական գործողությունների հետ։

«Մենք պարտավոր ենք մշտապես բարձրաձայնել, մշտական գործողություններով ահազանգել այդ մասին։ Այն, ինչ չի անում իշխանությունը, պետք է անի հասարակությունը։ Մենք ձեզ հետ պետք է լրացնենք այն բացը, որը հանցավոր ձևով չի իրականացվում այն մարդկանց կողմից, որոնք պարտավոր են դա անել: Ամոթ, դուք կրում եք ձեր ճակատին խայտառակ խարան»,-ասաց Ալավերդյանը:

Նմանատիպ նյութեր