211652_close_icon
views-count1213 դիտում article-date 13:57 07-12-2024

10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ

Հայաստանում 2024 թվականի հունվար-հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1 մլն 926 հազար 405, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 5.8 տոկոս անկում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը, որտեղ ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները, հիմնական ցուցանիշները և օրենսդրական բարեփոխումները։


Իր ելույթում նախարարը նշել է․«Զբոսաշրջությունը կարևոր ոլորտ է ոչ միայն այն պատճառով, որ նպաստում է տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և նոր ներդրումների ներգրավմանը, այլև հնարավորություն է տալիս մեր երկիրը ներկայացնել արտաքին լսարանին և դիրքավորել այն բարձր մակարդակով։

2025 թվականին նախատեսում ենք իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնց համար անհրաժեշտության դեպքում կավելացնենք բյուջետային միջոցները։ Մենք պատրաստ ենք տարբեր ծրագրերով աջակցելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը»,-նշել է Պապոյանը:

Նախարարը վստահություն է հայտնել, որ  համագործակցությունը համաշխարհային բանկի հետ հաջողությամբ կընթանա, և  կմեկնարկեն նաև TRIP ծրագիրը, որը նախատեսում է մինչև 100 միլիոն դոլարի ներդրում զբոսաշրջության ոլորտում։ Այս ծրագիրը էապես կփոխի Հայաստանի  զբոսաշրջային դեմքը՝ դարձնելով այն ավելի մրցունակ և գրավիչ։

Միջոցառման ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրել է ոլորտի 2024 թվականի ձեռքբերումներն ու 2025 թվականի ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել զբոսաշրջային այցելությունների վիճակագրական տվյալներին, որոնք վկայում են ոլորտի կայուն զարգացման և առաջընթացի մասին։

2024 թվականի հունվար-հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1,926,405։

2023 թվականի նույն ժամանակահատվածի՝ 2,045,282 ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.8% անկում։

2019 թվականի նույն ժամանակահատվածի՝ 1,675,292 ցուցանիշի համեմատ արձանագրվել է 15% աճ։

2024 թվականին Հայաստանն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների:

Դրանցից են՝ Lonely Planet՝ 2025 թվականի լավագույն ճանապարհորդական ուղղություն, Wanderlust Magazine՝ լավագույն 10 զարգացող ճանապարհորդական ուղղություններից մեկը։

Ճամփորդական լրագրողների իտալական ասոցիացիան Վայոց Ձորին շնորհել է լավագույն արտասահմանյան սննդի և գինու ուղղություն մրցանակը։

2024թվականին ընդունվել է «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը՝ ոլորտի կանոնակարգման նպատակով։ Կազմակերպվել է 90-ից ավել օտարերկրյա լրագրողների ճանաչողական այց դեպի Հայաստան, ինչի արդյունքում օտարերկրյա մամուլում հրապարակվել է ավելի քան 500 հոդված։ Մշակվել է Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային ուղեցույցը։

Միջոցառումը եզրափակվել է զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ քննարկումներով։

Նմանատիպ նյութեր