211652_close_icon
views-count3064 դիտում article-date 15:32 21-11-2024

«Որովայնում՝ օտար մարմիններ». ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) փոխգործակցության շրջանակում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից օդային ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առանձնապես խոշոր չափի «կոկաին» տեսակի թմրամիջոց։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, վերլուծական աշխատանքների արդյունքում, պարզել են թմրամիջոց տեղափոխող անձի հնարավոր ինքնությունը:

Մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացի Ջ․ Մ․-ն: Վերջինս ենթարկվել է ռենտգեն սկանավորման, արդյունքում անձի որովայնի շրջանում նկատվել են օտար մարմիններ։

Նշված օտար մարմինները քաղաքացու մարմնից հեռացնելու նպատակով վերջինս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Նրա մարմնից դուրս Է բերվել «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգվածների պարունակությամբ 117 գլանաձև փաթեթավորմամբ պարկ: Դրանց ընդհանուր քաշը կազմել է 1620 գրամ: Նշված պատիճների զանգվածները ստուգվել են համապատասխան սարքով և պարզվել է, որ հայտնաբերված զանգվածներն  իրենցից ներկայացնում են «կոկաին» տեսակի թմրամիջոց։

Հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների զանգվածների շուկայական արժեքը գերազանցում է  ավելի քան  550,000 ԱՄՆ դոլարը:

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից Ջ․Մ․-ն ձերբակալվել  և տեղափոխվել է  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ ՀՀ տարածքում հիշյալ թմրամիջոցները ստացող հնարավոր անձանց պարզելու նպատակով որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Իսակովի պողոտայի հասցեներից մեկում գործող հյուրանոցից, թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել և  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացի: Վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում բոլոր քաղաքացիները ձերբակալվել են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր