211652_close_icon
views-count976 դիտում article-date 19:08 11-11-2024

Պաղեստինի իշխանություններն աշխատում են Գազայի կառավարման մեխանիզմների մշակման շուրջ

Պաղեստինի իշխանությունները զբաղվում են Գազայի հատվածի կառավարման մեխանիզմների մշակմամբ, որոնք նախատեսված կլինեն Պաղեստինի ազգային վարչակազմի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության մասնակից երկրների արտահերթ գագաթնաժողովում:

 «Մենք աշխատում ենք Գազայի հատվածի կառավարման մեխանիզմների ստեղծման վրա, որոնք ենթակա են Պաղեստինի ազգային ադմինիստրացիային և Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը», - ասել է Աբասը:

Պաղեստինի նախագահը հայտարարել է, որ մերժում է Գազան Արևմտյան ափից և Երուսաղեմից անջատելու Իսրայելի ծրագրերը, և հույս հայտնել, որ Պաղեստինի միասնական և անկախ պետությունը կստանա լիարժեք անդամություն ՄԱԿ-ում։

Աբասը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Գլխավոր ասամբլեային կոչ է արել կասեցնել Իսրայելի անդամակցությունը կազմակերպությանը, եթե նա շարունակի հավատարիմ չմնալ միջազգային իրավունքին և չդադարեցնի իր գործողությունները Պաղեստինի ժողովրդի դեմ։ Նախագահի խոսքով՝ միջազգային հանրության անդամները պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Իսրայելի հետ, հատկապես՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա սեպտեմբերի 18-ին ընդունված բանաձևը, որով պահանջում է մեկ տարվա ընթացքում լքել օկուպացված պաղեստինյան տարածքները։
 

Նմանատիպ նյութեր