211652_close_icon
views-count1231 դիտում article-date 18:00 19-10-2024

ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը հոկտեմբերի 14-15-ին աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն՝ մասնակցելու «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին (WTSA-24) և «Հինգերորդ գլոբալ ստանդարտների սիմպոզիում»-ին: Հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Նախարարի տեղակալին ուղեկցել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը:

Մելիքսեթյանը՝ «Գլոբալ ստանդարտների սիմպոզիում»-ի (GSS-24)՝ «Բարձր մակարդակի սեգմենտ. Կատալիզացնող փոփոխություն. արդյունաբերությունն ու նախարարական առաջնորդները ձևավորում են նորարարության ապագան» թեմայով նստաշրջանում հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է ինովացիո էկոհամակարգերի ապագայի տեսլականն, անդրադարձել ստարտափների, կորպորացիաների ու կառավարությունների միջև համագործակցության ամրապնդման հնարավորություններին և անորոշ ու արագ փոփոխվող գլոբալ միջավայրում նորարարությունների առաջացման բարդությունները հաղթահարելու ուղիներին։
Միջոցառման շրջանակներում Գևորգ Մելիքսեթյանը հանդիպում է ունեցել ՀՄՄ գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմաս Լամանոսկասի և ՀՄՄ զարգացման բյուրոյի տնօրեն Կոսմաս Զավազավայի հետ:
Քննարկվել են համագործակցության զարգացման, ՀՄՄ հետազոտական և աշխատանքային խմբերում նոր մասնագետների ներգրավվածության, ՀՀ-ում ոլորտային թեմաներով սեմինարների կազմակերպման և այլ հարցեր:
Հաջորդիվ՝ Գևորգ Մելիքսեթյանը հանդիպել է Հնդկաստանի հեռահաղորդակցության վարչության քարտուղար Նեերաջ Միթտալի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը, դեսպանի առաջին քարտուղար Վլադիմիր Պողոսյանը և «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը:
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի և Հնդկաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության զարգացման, համատեղ նամականիշ թողարկելու և փոխգործակցության այլ հնարավորությունների շուրջ:

Նմանատիպ նյութեր