211652_close_icon
views-count727 դիտում article-date 08:43 18-10-2024

Արտերկրից չեկան բանակում ծառայելու. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«2018 թվականի մայիսի 7-ին ՀՀ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եվս մեկ անգամ կոչ եմ անում շուրջ մեկ տասնյակ հազար մեր հայրենակիցներին, ովքեր գտնվում են արտերկրում եւ ում նկատմամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզում է հայտարարված. սիրելի բարեկամներ, եղբայրներ վերադարձե՛ք Հայաստան, մեկնեք ժամկետային զինվորական ծառայության եւ հայրենիքի անվտանգության ձեր բաժին պատասխանատվությունն անպայման ստանձնեք։ Սա նոր Հայաստան է, այստեղից չեն փախչում որեւէ՝ այդ թվում բանակից խուսափելու պատճառաբանությամբ։ Այստեղ վերադառնում են այսօրվա եւ ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվության եւ սիրո զգացողությամբ։ Սպասում եմ յուրաքանչյուրիդ, ապացուցեք, որ հաղթանակած ժողովրդի դուխով զավակներն եք»։

Թե քանի հոգի Նիկոլ Փաշինյանի կոչին անսաց, վերադարձավ Հայաստան եւ զորակոչվեց, չի հրապարակվել որեւէ թիվ։ Սակայն Այս հայտարարությունից 5 տարի անց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ելույթին լրիվ հակառակ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ՝ առաջարկելով, որ բանակից խուսափած՝ 27 տարին չլրացած անձը 15 մլն դրամ վճարի եւ ազատվի բանակից ու քրեական պատասխանատվությունից։ Ըստ պատգամավորի հայտնած վիճակագրության, 2022 թվականի դրությամբ ունեցել ենք 10 հազարից ավելի քաղաքացիներ, ովքեր հետախուզվել են բանակում չծառայելու համար եւ այդ 10 հազար քաղաքացուց ընդամենը 420-ն են հայտնաբերվել կամ կամովին ներկայացել: Համեմատելով պատգամավորի հնչեցրած թիվը եւ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին հնչեցրած թիվը, կարելի է պնդել, որ Նիկոլ Փաշինյանի կոչին հետեւողներ չեն եղել, իսկ հակառակ պատկերը՝ բանակից խուսափելու դեպքերը, ավելացել են։

Ընդ որում, ուշագրավ է, որ անգամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում եւ կուսակցությունում կան բանակից խուսափելու բազմաթիվ դեպքեր․ բերենք մի քանի օրինակ։ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կրտսեր որդին բանակում չի ծառայել՝ նախ երկու անգամ ստանալով տարկետում ուսման համար, որից հետո երկու անգամ առողջապահական տարկետում, մինչեւ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանի։ Մինչ իր որդուն բանակից ազատելը, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր․ «Ուզում եմ՝ բանակում չծառայելն իրապես անհնար լինի, ծառայելը՝ պատվաբեր»։
«Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ բանակում չեն ծառայել նաեւ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որդիները։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պետք է զորակոչվեր բանակ 2018 թվականի հեղափոխությունից հետո, սակայն այդպես էլ ծառայության չգնաց։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը ինքը բանակում ծառայելուց խուսափել է ժամանակին, որի պատճառի մասին տարբեր վարկածներ են հրապարակվել՝ սկսած նրանից, որ տան 3-րդ որդին է եղել, այդ պատճառով ազատվել է, մինչեւ անգամ հոգեկան վիճակի խնդրով տեղեկանքի հիման վրա։ Այնուամնայնիվ, անկախ պատճառից, օրինական հիմքով, թե ո՛չ, Նիկոլ Փաշինյանը իր ժամանակին խուսափել է ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայությունից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր