211652_close_icon
views-count26558 դիտում article-date 21:14 01-10-2024

Նոր Արեշի ջրանցքի հենապատի փլուզումից, որը մի քանի միլիարդի վնաս տվեց քաղաքացիներին, Երևանի քաղաքապետարանը հետևություններ չի անում․ հիմա էլ Նորք-Մարաշում՝ բարձր ճնշման ջրատարի վրա են էլիտար շենք կառուցում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Երբ այս տարվա մայիսի 4-ին Երևանում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել կապված Նոր Արեշ թաղամասում ջրանցքի հենապատի փլուզման հետ, ինչից ջրալցվել էին հարակից բազմաթիվ տներ ու շինություններ և ջուրը ողողել էր Էրեբունի վարչական շրջանի մի քանի կմ ճանապարհ, դեպքի վայր ժամանած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում էր, որ սա հանցագործություն էր քաղաքի նկատմամբ, որ վնասել են ջրատարի հենապատը, ինչն էլ ավերածությունների պատճառ է դարձել և վնասի չափը հասնում է մի քանի միլիարդի, իսկ քաղաքապետարանի չինովնիկներն էլ, իրար հերթ չտալով, տուժած բնակիչներին ասում էին, որ միայն «անխելք մարդը» ջրատարի մոտ շենք-շինություն կսարքի։ 

Թվում էր, թե այս արտակարգ դեպքից հետո քաղաքային իշխանությունները լուրջ հետևություններ կանեն, բայց դա թվում է։ Դառը իրականություն է, որ այս դեպքում նույնպես հետևություններ չեն արել, հակառակ դեպքում չէին թույլատրի, որպեսզի հերթական ջրատարի վրա, որտեղով վայրկյանում անցնում է մի քանի հազար խորանարդ մետր ջուր, շենք շինություն կառուցվի։

Այն, որ Երևանում անընդհատ նոր շենքեր են կառուցվում, դա փաստ է։ Բայց դրան զուգահեռ շատ կարևոր հանգամանք է շարունակում մնալ անվտանգության կանոնների պահպանումը։ Նորք-Մարաշ վարչական շրջանի Դուրյան փողոցից Գ․ Հովսեփյան փողոց տանող ճանապարհահատվածում ակտիվ հողաքանդման աշխատանքներ են։ Բնակելի շենք է լինելու այստեղ, բայց այդ փաստը, մեղմ ասած, հարևանությամբ ապրողների սրտով չէ։ 

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ անվտանգության կանոնները չեն պահպանվում։ Խնդիրն այն էր, որ շենքի հիմքի համար քանդվող տարածքով մեծ ջրատար է անցնում, իսկ դրանով բարձր ճնշման ջուր է հոսում։ Քաղաքացիները մտավախություն ունեն, որ ակտիվ հողաքանդման աշխատանքներից հետո արդեն շինարարական աշխատանքների հետևանքով ջրատարը կվնասվի, մեծ ավերածություններ կլինեն։ Աշխատանքներն արդեն մի քանի ամիս է՝ ընթանում են։ Քաղաքացիները այդ ընթացքում հասցրել են և՛ Երևանի քաղաքապետարան, և՛ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ ու նաև Ջրային կոմիտե դիմել, ներկայացրել վտանգի աստիճանը և թե ինչի կարող է հանգեցնել այդ ամենը, բայց աշխատանքները, միևնույն է, շարունակվում են։ Քաղաքացիները նշում են, որ իրենք դեմ չեն բնակելի շենքերի կառուցմանը, պարզապես ուզում են, որ կառուցապատողը հաշվի առնի ջրատարի առկայությունը և իրենց անվտանգությունը լինի առաջնային։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շինարարության մոտ տեղադրված է ցուցանակ, որով տեղեկանում ենք՝

Շին․ թույլտվություն՝ N01/18-Դ-144941-2487 Տրված ՝ 28․11․2023
Կառուցապատող՝ Արտավազդ Միքաելյան
Կապալառու՝ «Արշիքոն» ՍՊԸ-Լիցենզիա։ 16260
Հեղինակային հսկողությունը «Արշիքոն» ՍՊԸ-Լիցենզիա։ 16261
Տեխնիկական հսկողություն Մկրտիչ Հարությունյան-Լիցենզիա։ 13461
Շին․ աշխատանքների սկիզբ՝ 29․08․2024
Շին․ աշխատանքների ժամկետ՝ 36 ամիս

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող, մայիսի 4-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «911» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ Նոր Արեշ 50-րդ փողոցի թիվ 49 շենքի մոտակայքում, ջրանցքի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով, ջրանցքի հենապատը փլուզվել էր, ինչից ջրալցվել էին հարակից տները։

Ժամանել էին մի քանի փրկարարական ջոկատներից ու հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՓԾ ՃԿԱԿ պետ  Ա․Մկրտչյանը, ԵՓՎ պետ Ա․Կիրակոսյանը և տեղակալները, քաղաքապետարանի ներկայացուցիչները, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի գլխավորությամբ։

Պարզվել էր, որ Նոր Արեշ 50-րդ փողոցի մոտակայքով անցնող ջրանցքի հենապատը փլուզվել էր, ինչից ջրալցվում էին հարակից բազմաթիվ տները և շինությունները։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր