211652_close_icon
views-count32028 դիտում article-date 11:50 30-09-2024

Երևանում մոտ 2 տարի շահագործվող, «մահաբեր» անունը ստացած ճանապարհին տեղադրվել է արագաչափ սարք ու եթևեկությունը կարգավորող ցուցանակներ․ միայն այս հատվածում տեղի էր ունեցել մահվան ելքով 9 պատահար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն մի քանի օր է Երևանում ժողովրդի կողմից «մահաբեր ոլորաններ» անունը ստացած ճանապարհին, որը Սիլիկյան թաղամասից դեպի «Հյուսիս-Հարավ» նոր կառուցված ճանապարհի Չորրորդ գյուղի հատվածն է, տեղադրվել է արագաչափ սարք և ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի արդյունքում հնարավոր է վթարների թիվը նվազի, իսկ այդ ճանապարհահատվածը, երբ հանձնվեց շահագործման, բազմաթիվ ճանպարհատրանսպորտային պատահարներ տեղի ունեցան, այդ թվում՝ ողբերգական, ու ամեն անգամ պատկան մարմինները հերթական վթարից հետո խոստանում էին, որ խնդիրը կլուծեն։
 
Միայն վերջին ողբերգական ավտովթարից հետո նոր կարծես թե մասամբ խնդիրը լուծվել է։ Ճիշտ է, արագաչափը որոշ «վայ-վարորդների» համար կդառնա զսպաշապիկ, բայց առաջին հերթին հենց վարորդը ինքը պետք է հարգի ճանապարհային երթևեկության կանոնները, չգերազանցի սահմանված արագությունը, ոչ սթափ վիճակում չվարի ավտոմեքենան, ամրակապվի, վարելիս հեռախոսով «գյալաջի» չանի, ինչպես նաև իրեն չզգա, թե երկրից երկինք է թռչում և ղեկին ծխախոտ չծխի։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 8-ին, հերթական ողբերգական ավտովթարն էր տեղի ունեցել Երևանում հայտնի՝ ժողովրդի կողմից արդեն «մահաբեր» անունն ստացած ճանապարհահատվածում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Վլադիմիր Մանուկյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան խճուղուց դեպի Հարավ-արևմտյան թաղամաս տանող հատվածում, Հյուսիս-հարավ ավտոճանապարհին կառուցված կամրջի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 15 մետր բարձրությունից ընկել կամրջի տակ, բախվել հենապատին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության էին հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել էին ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկ Սիմակ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Ղուկաս Սարգսյանը։

Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Արման Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված ճանապարհահատվածը մայրաքաղաքի ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է դարձել և այս տարի այդ հատվածում 10-ից ավելի ավտովթարներ են տեղի ունեցել, որոնցից 5-ը ողբերգական ավարտ են ունեցել, իսկ Երևանի քաղաքապետարանը, ճանապարհը կառուցող ընկերությունը ոչ մի անգամ հետևություն չեն անում, որպեսզի քննարկեն մասնագետների հետ, հասկանան՝ ինչն է խնդիրը (ոչ միայն վարորդների կողմից արագության գերազանցում) և հրատապ դրա դեմն առնեն, հակառակ դեպքում վթարները նշված հատվածում, ցավոք այդ թվում ողբերգական ավարտ կունենան։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր