108372 դիտում
21:49 01-10-2023
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզի «մահաբեր» անունը ստացած ճանապարհին. Mercedes GLE 300-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հերթական մահվան ելքով վրաերթն է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ ժողովրդին հայտնի «մահաբեր» անունը ստացած ճանապարհահատվածում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 57-ամյա Դավիթ Հովհաննիսյանը իր վարած Mercedes GLE 300 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի բնակիչ 57-ամյա Սամվել Մարտիրոսյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Հրաչ Մկոյանի և մարզի պատասխանատու, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Տեղում նույն վաշտի պարեկներ Շողիկ Կիրակոսյանը, Քաջիկ Ավետիսյանը, Արտյոմ Հարությունյանը և Տիգրան Քեֆոյանը մեծ դժվարությամբ են հետաքրքրասեր վարորդներին հեռացնում դեպքի վայրից, ովքեր փորձում են ավտոմեքենաները կայանել, ինչի պատճառով էլ կառաջանա խցանում, սակայն պարեկներին հաջողվում է նրանց հեռացնել դեպքի վայրից:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանութան Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանի գլխավորությամբ:
Մինչ պարեկները կարգավորում էին երթևեկությունը, Mercedes GLE 300-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն պարեկների ու ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների հրահանգով համարանիշները դրվեցին տեղը:
Տեղում ավագ պարեկ Արտյոմ Հարությունյանի կողմից վարորդը ենթարկվեց սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Վրաերթի մասին Ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և ավագ քննիչ Վահե Կակոյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վրաերթի վայրի հարևանությամբ ապրող և աշխատող քաղաքացիները իրենց զայրույթն էին հայտնում՝ ասելով. «Երկնքի աստղերին հաշիվ կա, էս մահաբեր անունը ստացած ճանապարհին տեղի ունեցած ավտովթարների՝ այդ թվում ողբերգական, վրաերթերի՝ այդ թվում մահվան ելքով, հաշիվ չկա: Այնքան դեպքեր են տեղի ունենում, սակայն պատասխանատու մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում այս հատվածում խնդիրը լուծելու ուղղությամբ:
Առաջնահերթ խնդիրներից մեկը արտաքին լուսավորության բացակայությունն է: Մի քանի կմ հատված է: Եթե գոնե այս դեպքից հետո պատասխանատուները իրենց նստատեղերը բազկաթոռներից հանեն ու գան էստեղ խելք խելքի տան, հաստատ այդ պրոբլեմը կլուծվի: Ճանապարհը, ճիշտ է, լավ ասֆալտապատել են, գծանշումները կան, բայց միևնույնն է՝ արտաքին լուսավորությունը վթարներ կանխելու թիվ 1 միջոցն է: Պետք նաև մի երկու տեղ ցուցանակներ տեղադրվի, որպեսզի հետիոտներն էլ իմնանան՝ որտեղով պետք է անցնեն փողոցը»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1486 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)