211652_close_icon
views-count643 դիտում article-date 19:10 23-09-2024

Վահագն Խաչատուրյանը և Եվրաջասթի նախագահը քննարկել են արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումների խնդիրները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական միության Քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հաղորդագրության մեջ նշվում  է, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստան-ԵՄ իրավապայմանագրային դաշտը շարունակաբար ընդլայնվում է: «Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է համագործակցության ամուր և ինստիտուցիոնալ հիմք ստեղծել, որի արդյունքում ձեր ղեկավարած գործակալության հետ ստորագրվեց համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: Ձեր այցելությունը և համագործակցության պաշտոնական մեկնարկը մեծ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Սա նաև ընդգծում է Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման կարևորությունը։ Մենք ցանկանում ենք արձանագրել, որ, իսկապես, մեծ կարևորություն ենք տալիս Հայաստանում հատկապես արդարադատության ոլորտին, որը նաև ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարական արժեքների հաստատմանը»,- ասել է նախագահը:

Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը շնորհակալությւոն է հայտնել ընդունելության համար: «Ցանկանում եմ շնորհավորել այն բոլոր ձեռքբերումների համար, որ Ձեր երկիրն ունեցել է ոչ միայն ավելի լայն քաղաքական համատեքստում, այլ նաև համագործակցության առումով: Դուք վերջին մի քանի տարիների ընթացքում բավական մեծ ձեռքբերումներ եք արձանագրել՝ հատկապես արդարադատության ոլորտում համագործակցության շրջանակում»,- մասնավորապես ասել է Լադիսլավ Համրանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տարիներին Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումների առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Կողմերը կարևորել են դատաիրավական համակարգում բարեփոխումների կյանքի կոչման գործում հետևողական և սկզբունքային մոտեցումները: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և «Եվրաջասթի» միջև համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր